Իրանը բացել է օդային տարածքը, օդանավակայանների մեծ մասի գործունեությունը վերսկսել է։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հայտարարության մեջ։
«Մեհրաբադի և Իմամ Խոմեյնիի օդանավակայանների, ինչպես նաև երկրի հյուսիսում, արևելքում, արևմուտքում և հարավում գտնվող օդանավակայանները վերսկսել են գործունեությունը և պատրաստ են մատուցել ծառայությունների ամբողջական շարք»,- հայտարարության մի հատված է մեջբերում Mehr գործակալությունը։
Նշվում է, որ երկրի բոլոր օդանավակայաններում, բացառությամբ՝ Սպահանի և Թավրիզի օդանավակայանների, կիրականացվեն ներքին և միջազգային չվերթեր։
Իսրայելական կործանիչները մի շարք զանգվածային ավիահարվածներ են հասցրել Լիբանանի Ջեզին և Նաբաթիե քաղաքների ծայրամասերին՝ երկրի հարավում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Janoubia լրատվական պորտալին։
Հարձակումները հարվածել են շիական «Հըզբոլլահ» խմբավորման ենթադրյալ ստորգետնյա ապաստարաններին, հրամանատարական կետերին և զենքի պահեստներին։ Ուժեղ պայթյուններ են լսվել Այշիայի, Բորգուզի, Դեյր Սիրյանի, Ջերմակի, Ալ-Մահմուդիայի և Վադի Զուտարի կիրճի շրջաններում։
Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։
Ականատեսները նշում են, որ իսրայելական ինքնաթիռները շարունակում են մնալ օդում՝ մանևրելով ցածր բարձրության վրա Լիբանանի հարավային շրջանների վրայով։ Ավելի շատ գֆնդակածություններ են սպասվում։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
Միջնորդության մեջ ներկայացված են քննությամբ ձեռք բերված փաստեր, որոնք հիմք են տալիս Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 43․419-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ, նախապատրաստել է ահաբեկչություն և իշխանության յուրացում։
Սիմոնյանը նաև ներկայացրել է մի հատված՝ Հրայր Հակոբյան-Իգոր Սարգսյան զրույցից։
«Հ.Հակոբյան
- Իգոր, եթե Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից:
Ի.Սարգսյան
- Ցմահ կտան, եթե ողջ մնաս:
Հ.Հակոբյան
- Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք:
Ի. Սարգսյան- Չգիտեմ»:
Հայաստանի կառավարությունը հուլիսի 3-ի նիստում հաստատել է ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ իրականացնելու որոշումը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 2021 թվականին մեկնարկած գործընթացի շրջանակում յուրաքանչյուր տարի կամավոր ատեստավորման կարգը վերամշակվել է գործընթացի վերլուծության, ինչպես նաև ուսուցիչների առաջարկների հիման վրա:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նոր փոփոխությամբ հստակեցվել են որոշ դրույթներ, որոնք պարզեցման կարիք ունեին։
«Նախորդ տարի, երբ էլեկտրոնային եղանակով առաջին անգամ իրականացվեց ուսուցիչների կամավոր ատեստավորումը, պարզ դարձավ, որ պետք է առանձնացնել բովանդակային բողոքարկումը, որը կարող է կապված լինել, օրինակ, թեստի որևէ հարցի հետ: Նոր փոփոխությամբ հնարավորություն է տրվել տեխնիկական հարցերի հետ կապված բողոքարկումն անել անմիջապես ատեստավորումից հետո, ինչը թույլ կտա շատ ավելի օպերատիվ արձագանքել ուսուցիչների բարձրացրած խնդիրներին և տեխնիկական հարցերը լուծել տեղում։ Սա, կարծում եմ, կարևոր և սպասված փոփոխություն է»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:
Որոշմամբ հստակեցվել է նաև մեկից ավելի առարկա դասավանդող ուսուցիչների ատեստավորման ընթացակարգը: Մասնավորապես՝ կարգավորվել է՝ որևէ առարկայի ատեստավորումը չհաղթահարելու պարագայում հաջորդ անգամ ուսուցիչը պետք է ատեստավորում անցնի նույն առարկայից:
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 2-ից հայտարարել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն, որը կտևի մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն։ Ատեստավորմանը մասնակցել ցանկացողները հայտերը պետք է ներկայացնեն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում՝ matyan.emis.am առավել պարզեցված ընթացակարգով:
«Լրամշակած ուղեցույցները օգտակար կլինեն ուսուցիչների համար: Հույս ունեմ, որ նոյեմբերին անցկացվելիք ատեստավորմանն ավելի քան 6000 ուսուցիչ կմասնակցի»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Նշվում է, որ կամավոր ատեստավորմանը կարող են դիմել և մասնակցել նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչները և ուսուցիչ չաշխատող այն մասնագետները, ովքեր ունեն համապատասխան որակավորում։ Նշված դեպքերում կամավոր ատեստավորման հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված at.emis.am հարթակում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է․
«Վերջերս իմ մի հայտարարության առիթով հարցադրումներ էին արվել, թե ի՞նչ կապ ունի հոգևորականների անձնական կյանքը երկրում հաստատված օպերատիվ իրավիճակի հետ։ Դեռ մի կողմ թողնենք, որ կուսակրոն հոգևորականները չեն կարող ունենալ անձնական կյանք։
Բայց անձնական կյանքի և օպերատիվ իրավիճակի կապի մի դրվագ ներկայացնեմ միայն․ վերջին տարիներին ավելի քան երկու տասնյակ դեպք է բացահայտվել, երբ օտարերկրյա հատուկ ծառայությունները ՀՀ քաղաքացիների են հավաքագրել՝ օգտագործելով անձնական և ինտիմ կյանքում նրանց ունեցած խոցելիությունները։ Նման բազմաթիվ դեպքերով կան քրեական գործեր, մի մասը քննվում է դատարաններում, մյուս մասով ունենք մեղադրական դատավճիռներ։ Ահա և կապն «անձնական կյանքի» և օպերատիվ իրավիճակի միջև»։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում ընդգծել է Ուկրաինայի հետ բանակցելու Մոսկվայի պատրաստակամությունը, քննարկվել է հարցերի լայն շրջանակ։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերը Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին։
«Բնականաբար, քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը»,- լրագրողներին ասել է Ուշակովը՝ Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցից հետո։
Ուշակովը նշել է, որ երկու երկրների ղեկավարները մանրամասն քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսական կողմն ընդգծել է հակամարտությունը ժողովրդավարական ճանապարհով լուծելու իր դիրքորոշումը։
«Զրույցը եղել է անկեղծ, գործնական և կոնկրետ»,-հավելել է Ուշակովը՝ մանրամասնելով, որ զրույցի ընթացքում նախագահների հանդիպման հնարավորության մասին խոսք չի գնացել։
«Քննարկվել են նաև Սիրիայի իրադարձությունները, և այդ ուղղությամբ ռուսական ու ամերիկյան կողմերը կշարունակեն երկխոսությունը»,-ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել Ուկրաինայի շուրջ Կիևի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել։
«Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ և նշել Ռուսաստանի ներդրումն ամերիկյան պետականության զարգացման գործում։ Նախագահները քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդհանրապես Մերձավոր Արևելքը»,-մանրամասնել է Յուրի Ուշակովը։
Ռոսպոտրեբնադզորը Հայաստանից պարզաբանում է պահանջել «Կորովկա» պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք սահմանելու պատճառների վերաբերյալ։
Նշվում է, որ իրականացված ուսումնասիրության արդյունքում արտադրանքի անվտանգության և որակի հետ կապված խնդիրներ, այդ թվում՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին անհամապատասխանություն չեն արձանագրվել։
«Ռոսպոտրեբնադզորը ՀՀ իրավասու մարմիններից լրացուցիչ տեղեկատվություն է պահանջել ռուսական արտադրության ապրանքների վրա դրված սահմանափակումների պատճառների վերաբերյալ, պահանջվել են ներառյալ՝ լաբորատոր թեստերի արդյունքները»,- նշված է հաղորդագրությունում։
Հայկական կողմից որևէ մեկնաբանություն չի ստացել նաև արտադրող ընկերությունը։ Արտադրողը կարծում է, որ շեղումներ կարող էին առաջանալ ոչ պատշաճ տեղափոխման կամ պահպանման պատճառով
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի և «Հեզբոլլահ» խմբավորման դեմ։
Այդ մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Տեղեկատվության համաձայն՝ սահմանափակումների են ենթարկվել 8 ֆիզիկական անձ, 21 իրավաբանական անձ և 12 նավ։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին։
Հիմնավորման մեջ հիշատակվում է, որ 2025 թվականի հունիսին իրավապահները բացահայտել են ահաբեկչության փորձ՝ միտված երկրում սահմանադրական կարգի տապալմանը և ՀՀ օրինական իշխանությունների բռնի հեռացմանը։
«Ահաբեկչական խմբավորման անդամները և ղեկավարները ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և նրանց ղեկավարների հետ սերտորեն կապված անձինք են, ովքեր վերջին շրջանում Հայաստանում կազմակերպել են բողոքի ցույցեր, հանդես եկել իշխանափոխության կոչերով՝ երբեմն հնչեցնելով բացահայտ բռնության և ատելության կոչեր ընդդեմ ՀՀ ընտրված իշխանությունների», - նշված է հայտարարության նախագծի հիմնավորման մեջ:
Այսօր ՔՊ-ի հեղինակած Հայաստանի դեմ ահաբեկչության մասին հայտարարությունն ԱԺ–ն ընդունեց 57 կողմ ձայնով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆը նախատեսում է հաջորդ շաբաթ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հանդիպել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար։
Նրանց խոսքով՝ հանդիպման վերջնական ամսաթիվը դեռևս որոշված չէ։
Որոշ աղբյուրներ նաև հայտնել են, որ Ուիթկոֆը և Արաղչին «պահպանել են անմիջական կապը» հունիսին Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա զինված հակամարտության ընթացքում և դրանից հետո։
Ավելի վաղ իսրայելական N12 հեռուստաալիքը հայտնել էր, որ Վաշինգտոնը կապի մեջ է Թեհրանի հետ՝ հաջորդ շաբաթ Օսլոյում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար։ Հունիսի 30-ին Սպիտակ տունը հայտնել էր, որ Ուիթկոֆը շարունակում է Իրանի հետ քննարկումները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի շուրջ, սակայն չէր նշել, թե արդյոք հնարավոր են անձնական շփումներ այս շաբաթ։