Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ. հայտնում են ՆԳՆ-ից։
Այսօր՝ հուլիսի 4-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի թիվ 76 հասցեում գործող «Yans» երաժշտական ակումբի և ռեստորանային համալիրի 1-ին հարկում ծուխ և կրակ է նկատվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի 8-րդ, 1-ին և 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Տեղում հատարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և մինչ հրշեջների ժամանումը՝ նկուղային հարկում բռնկված հրդեհի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու ռեստորանի աշխատակիցները, ապա հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է կրակի տարածումը և այն մարել են:
Այրվել է էլեկտարական վահանակ, էլեկտրական կարգավորիչ, մոտ 10 քմ առաստաղ, վարագույր և կոյուղու պլաստմասե խողովակ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հուլիսի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցը որևէ առաջընթացի չի հանգեցրել ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։
Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Թրամփը նաև նշել է, որ գոհ չէ հակամարտության ձգձգումից։«Ես նրա հետ ոչ մի առաջընթացի չեմ հասել», – ասել է Թրամփը լրագրողներին։
Կողմերը գրեթե 1 ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել, որն արդեն վեցերորդ հեռախոսազրույցն է հունվարին Թրամփի պաշտոնակալությունից ի վեր։
Հեռախոսազրույցից հետո ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ քննարկման առանցքում եղել է Ուկրաինան։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման հարցը։
Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը հետ չի կանգնի հակամարտության պատճառների վերացման իր նպատակներից։ Կրեմլի ղեկավարը նաև նշել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը։ Կողմերը քննարկել են նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իրանում և Սիրիայում:
Նախագահներն անդրադարձել են նաև էներգետիկայի, տիեզերքի և այլ հեռանկարային ոլորտներում երկու երկրների արդյունավետ համագործակցության հնարավորություններին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում մասնակցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններին։
Այս մասին նա ասել է հուլիսի 3-ին Մերիլենդի «Էնդրյուս» ռազմակայանում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNOW from FOX-ը։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Իրանը ցանկանում է երկխոսություն սկսել իր հետ։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները նպատակ չի հետապնդում վնասել Իրանին։ Թրամփի խոսքով՝ հակամարտության հետևանքով սպառվել են ինչպես Իսրայելի, այնպես էլ Իրանի ուժերը։ Սակայն, ըստ Թրամփի, հատկապես տուժել է Իրանը։
«Եվ ես կարծում եմ՝ նրանք (Իրանը) ցանկանում են հանդիպել։ Այսինքն՝ ես գիտեմ, որ նրանք ցանկանում են հանդիպել, և անհրաժեշտության դեպքում ես դա կանեմ», – ասել է Թրամփը։Նա հավելել է, որ Իրանի հետ բանակցությունների գործընթացում ներգրավված է իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը «ֆանտաստիկ աշխատանք» է կատարել։
Axios լրատվական հարթակն ավելի վաղ հայտնել էր, որ Ուիթքոֆի հանդիպումը Իրանի ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի շուրջ կկայանա հաջորդ շաբաթ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ ԱՄՆ բանագնացը նախատեսում է հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ չնայած որոշակի տեսակի զենքի մատակարարման կասեցմանը։
Այս մասին նա ասել է Մերիլենդի «Էնդրյուս» ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNOW from FOX-ը։
Լրագրողը հարց է ուղղել այն մասին, թե ինչու է ԱՄՆ-ն դադարեցրել ռազմական օգնության որոշ մատակարարումներ Ուկրաինային։«Մենք չենք դադարեցրել։
Մենք զենք տալիս ենք։ Մենք շատ զենք են տրամադրել և շատ զենք ենք տրամադրում։ Մենք աշխատում ենք նրանց հետ, փորձում ենք օգնել նրանց», – ասել է ԱՄՆ նախագահը։
Միևնույն ժամանակ նա քննադատել է նախկին նախագահ Ջո Բայդենին Ուկրաինային շատ մեծ քանակությամբ զենք տրամադրելու համար։
«Բայդենը նրանց այնքան շատ զենք է տվել, որ դատարկել է մեր սեփական պաշարները։ Մենք պետք է համոզվենք, որ ինքներս բավարար զենք ունենք», – ասել է ԱՄՆ նախագահը։
Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ վարչակազմը հայտարարել է Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարման կասեցման մասին։ Մասնավորապես, դա վերաբերում էր ՀՕՊ հրթիռներին։ Վաշինգտոնում դա հիմնավորվել է նրանով, որ Միացյալ Նահանգներում նման զենքի պաշարները մոտ են սպառմանը։
Իրանի իշխանություններն առաջիկայում ծրագրում են արտաքսել երկրում մնացած ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ամիր Հոսեյն Սաբատին, փոխանցում է իրանական SNN հեռուստաալիքը։
«Խորհրդարանի պատգամավորների անցկացրած հետաքննության շնորհիվ Իրանում մնացած ՄԱԳԱՏԷ- ի լրտեսները շուտով կարտաքսվեն երկրից», - ասել է Սաբատին:
Աղբյուրը նշել է, որ այս հայտարարությունն արվել Է Իրանում գործակալության որոշ տեսուչների անօրինական գործունեության մասին բազմաթիվ հաղորդագրություններից հետո, և, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում գործնական քայլեր կձեռնարկվեն ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներին երկրից վտարելու ուղղությամբ:
Իրանը հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները շուտով կարտաքսվեն երկրից։
Համապատասխան հայտարարությունն արել է Իրանի խորհրդարանի անդամ Ամիրհոսեյն Սաբետին։
Դրա մասին հաղորդում է Pars Today գործակալությունը։
«Ատոմային էներգիայի կազմակերպության հետ համագործակցությամբ խորհրդարանի անդամների ջանքերի արդյունքում, Իրանում գործակալության մնացած լրտեսները շուտով կարտաքսվեն»,- նշել է Սաբետին։
Անօդաչուները հարձակվել են Ռուսաստանի Ռոստովի մարզի մի քանի շրջանների վրա, զոհվել է մեկ մարդ։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Սլյուսարը:
«Գիշերը ԱԹՍ-ները գրոհել են Ազովի, Միլլերովսկի և Տարասովսկի շրջանները։ Զինվորականները հետ են մղել օդային հարձակումը, բայց, ցավոք, կան ողբերգական հետևանքներ։ Միլլերովսկի շրջանի Դոլոտինկա ավանում ԱԹՍ-ի անկման հետևանքով վնասվել է երկհարկանի տուն՝ փլուզվել է ծածկը, ինչի հետևանքով թոշակառու կին է մահացել», - տելեգրամյան ալիքում գրել է Սլյուսարը:
Մարզպետի պաշտոնակատարը նշել է, որ վնասված տնից տարհանվել է 20 բնակիչ, դեպքի վայր են մեկնել օպերատիվ ծառայությունները և շրջանի ղեկավարը: Բացի այդ, նրա խոսքով, Ազովում անօդաչուի պայթյունից վնասվել են բազմաբնակարան շենքի ապակիները, իրականացվում է բնակիչների տարհանում, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:
Եվս մեկ ԱԹՍ-ի բեկորներ ընկել են Լակոմովի անվան մարզադաշտում։ Այդ վայրը շրջափակված է։
Այս պահին Ռոստովի մարզում պահպանվում է ԱԹՍ-ների հարձակման վտանգը։ Բոլոր ուժերն ու միջոցները բերվել են պատրաստության և շարունակում են հետ մղել հարձակումը, հայտնել է Սլյուսարը։
Այսօր անօդաչու սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել նաև Սերգիև Պոսադում։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հուլիսի 4-ին ժամանել է Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովին, հաղորդում է Mehr-ը։
Փեզեշկիանը նախատեսում է երկկողմ հանդիպումներ ունենալ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դրական է արձագանքել միջնորդների՝ Իսրայելի հետ հրադադարի առաջարկին: Այս մասին հայտնել է իսրայելական Ynet լրատվական պորտալը։
Ըստ աղբյուրի՝ շարժման որոշումը կհրապարակվի առաջիկա ժամերին։
Ավելի վաղ արմատականներն իրենց Telegram ալիքում հայտնել էին, որ շարժումն ուսումնասիրում է Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ անուղղակի բանակցությունների ընթացքում միջնորդներից ստացված առաջարկները: ՀԱՄԱՍ-ը չի նշել, թե կոնկրետ ինչ են պարունակում քննարկվող նախաձեռնությունները: Միևնույն ժամանակ, զինյալները պնդում են, որ հնարավոր համաձայնագիրը պետք է ներառի «Գազայում հրադադարի երաշխիքներ, իսրայելական զորքերի դուրսբերում և անկլավում մարդասիրական օգնության ապահովում»։
Ավելի վաղ Maan գործակալությունը հայտնել էր, որ Գազայի համար նոր առաջարկը նախատեսում է 60-օրյա հրադադար,10 պատանդների ազատ արձակում, 18 զոհված պատանդների մարմինների փոխանցում իսրայելական կողմին և շրջափակված անկլավի հարավում իսրայելական բանակի ստորաբաժանումների դուրսբերում։