Իլոն Մասկը հայտարարել է «Ամերիկա» կուսակցության ստեղծման մասին՝ X-ի իր էջում անցկացված քվեարկության արդյունքներից հետո։
«2:1 հարաբերակցությամբ դուք քվեարկեցիք նոր քաղաքական կուսակցության օգտին և դուք կունենաք այն։ Այն իրավիճակում, երբ մեր երկիրը սնանկանում է ավելորդ ծախսերի և կաշառակերության պատճառով, պարզվում է, որ մենք ապրում ենք միակուսակցական համակարգում, այլ ոչ թե ժողովրդավարությունում։ Այսօր «Ամերիկա» կուսակցությունն ստեղծվել է ձեր ազատությունը ձեզ վերադարձնելու համար», - գրել է նա X-ում։
Քվեարկությանը մասնակցել էր սոցիալական ցանցի ավելի քան 1.2 միլիոն օգտատեր։ 65.4%-ը քվեարկել էր նոր կուսակցության ստեղծման օգտին։
Մասկի խոսքով՝ «Ամերիկա» կուսակցության գլխավոր նպատակը կլինի «ժողովրդի կամքի» ապահովումը՝ Քոնգրես մտնելով և այնտեղ մի քանի տեղ զբաղեցնելով։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ցանկացած ագրեսիա կարագացնի Իսրայելի ոչնչացումը, հաղորդում է Mehr-ը։
1982 թվականին Լիբանանում գեներալ Հաջ Ահմադ Մոթավասելյանի և այլ իրանցի դիվանագետների առևանգման 42-րդ տարելիցի կապակցությամբ, ԻՀՊԿ-ն հայտարարության մեջ նշել է, որ Իսրայելը և նրա կողմնակիցները պետք է իմանան, որ «ոչ միայն անվտանգ չեն լինի իրենց անցյալի հանցագործություններից, այլև ցանկացած ագրեսիա և դավաճանություն «կարագացնի այս կեղծ ռեժիմի կործանումը»։
Ուրբաթ օրն ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է Իրանի Իսլամական Հանրապետության կոչը՝ փաստահավաք խումբ ստեղծելու վերաբերյալ՝ 1982 թվականին Լիբանանում առևանգված դիվանագետների ճակատագիրը պարզելու համար։
Նախարարության հայտարարության մեջ, որը վերաբերում էր իրանցի դիվանագետների առևանգման 43-րդ տարելիցին, ասվում է, որ Իսրայելը պատասխանատվություն է կրում իր քաղաքացիների առևանգման և պատանդ վերցնելու համար և շարունակում է լրջորեն հետապնդել այս հարցը համապատասխան միջազգային մարմինների հետ։
1982 թվականի հուլիսի 4-ին առևանգվել են Բեյրութում Թեհրանի ռազմական կցորդ, Լիբանանում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ահմադ Մոտովասելյանը, դեսպանատան աշխատակից Թաքի Ռաստեգար Մոքադդամը և Իրանի Իսլամական Հանրապետության լրատվական գործակալության IRNA լուսանկարիչ Քազեմ Ախավանը։
Սլովակիան դեսպանների մակարդակով կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ Եվրամիության 18-րդ պատժամիջոցային փաթեթի ընդունումը։ Այս մասին հայտնել է TASR գործակալությունը՝ հղում անելով երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարարությանը։
Հուլիսի 4-ին Բրյուսելում կայացած նիստի ընթացքում Սլովակիայի ներկայացուցիչները կրկին անհամաձայնություն են հայտնել պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ՝ ընդգծելով էներգետիկ անվտանգության վերաբերյալ մտահոգությունները:
Սլովակիայի կառավարությունն ակնկալում է հստակ երաշխիքներ՝ կապված RePowerEU ծրագրի հետ, որը նախատեսում է Եվրամիության ամբողջական հրաժարումը ռուսական գազից մինչև 2028 թվականը։ Բրատիսլավայում վստահ են, որ առանց այդպիսի երաշխիքների ծրագիրը կարող է խորը բացասական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա։
«Սլովակիայի Հանրապետությունն ուրբաթ օրը՝ հուլիսի 4-ին, Եվրամիությանն առընթեր անդամ պետությունների դեսպանների մակարդակով կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը»,-ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ նախարարությունը նշել է, որ Սլովակիան պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը Եվրոպական հանձնաժողովի հետ, սակայն ներկայիս բանակցությունները դեռ չեն փարատել RePowerEU ծրագրի շրջանակում գոյություն ունեցող հիմնական մտահոգությունները։
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը բացել է նոր վականսիա իր ընկերությունում՝ խոստանալով տարեկան մինչև 1 միլիոն դոլար աշխատավարձ։ Նա նշել է, որ փնտրում է բարձրակարգ մասնագետի՝ կոնկրետ ուղղությամբ (ծրագրավորման, անվտանգության կամ այլ՝ չի հստակեցվել)։
Վականսիան անմիջապես մեծ հետաքրքրություն է առաջացրել IT ոլորտում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից։
Թրամփը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Թեհրանի միջուկային ծրագիրը փաստացի դադարեցված է, սակայն չի բացառել, որ այն կարող է վերսկսվել այլ վայրերում։
«Նրանք հրաժարվել են ստուգումներից, հրաժարվել են դադարեցնել հարստացումը։ Բայց այնուամենայնիվ, փաստացի մենք տեսնում ենք, որ ծրագիրը դադարեցված է։ Թեև հնարավոր է՝ նրանք այլ վայրում շարունակում են աշխատանքները»,-ասել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը նաև տեղեկացրել է, որ մտադիր է Իրանի հարցը բարձրացնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ առաջիկա հանդիպման ընթացքում, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում։
Հայաստանը եղել և մնում է շահագրգռված տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական զարգացման մեջ: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ նշել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային վերաբերվող հայտարարությանը։
-Թուրքիայի նախագահն այսօր անդրադարձել է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային և հիշատակելով «միջանցք» եզրույթը՝ նշել է, որ Հայաստանն այդ հարցում ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Հայաստանը եղել և մնում է շահագրգռված տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական զարգացման մեջ: Այդ ըմբռնումով է, որ ՀՀ-ն հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ և դրան համահունչ առանձին գաղափարներով, լուծումներով, կառուցողական առաջարկներով։ Մեր կարծիքով, դրանք կարող են փոխշահավետ արդյունքներ ապահովել ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ավելի լայն աշխարհագրությամբ հաղորդակցությունների ցանցի զարգացմամբ հետաքրքրված գործընկերների համար: Ինչպես նախկինում, այժմ ևս տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ՀՀ տեսլականը խարսխված է հիմնարար սկզբունքների՝ ինքնիշխանության, կապուղիների նկատմամբ ազգային իրավազորության վրա, և ինչպես հայտնի է, չի ենթադրում այլ տրամաբանություն։ Շահագրգիռ գործընկերների հետ քննարկումները շարունակվում են։
Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում դեռևս չճշտված անձը Հյուսիսային պողոտայում առևանգել է ոստիկանության համարանիշներով ու տարբերանշանով «Samand» մակնիշի ավտոմեքենան, ապա վթարի ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առևանգողը ոստիկանական ավտոմեքենայով, ժողովրդին հայտնի «Կինոհայրենիքի» խաչմերուկում բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, ապա առաջ ընթացել, ավտոմեքենան թողել ճանապարհի երթևեկելի գոտում և դիմել փախուստի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վթարված «Volkswagen»-ի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, օկուպացված Արցախից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում, պատմել է «հնարավորությունների» մասին, որոնք կբացվեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շնորհիվ «ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար»։
Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, ըստ Էրդողանի, Հայաստանը «ի սկզբանե դեմ էր Զանգեզուրի միջանցքին, սակայն այժմ «ավելի ճկուն դիրքորոշում է զբաղեցնում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու հարցում»։
«Մենք այս գիծը դիտարկում ենք ոչ միայն որպես աշխարհաքաղաքական, այլև որպես աշխարհատնտեսական հեղափոխության մաս։ Զանգեզուրի միջանցքի բացումը ռազմավարական զարգացում կլինի Միջին միջանցքի համար։ Երբ միջանցքը բացվի, թուրքական ապրանքները կհատեն Կասպից ծովը և ավելի արագ կհասնեն Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան գնացող ապրանքները նույնպես կսկսեն անցնել Թուրքիայով։ Միջին միջանցքի բացումն ընդգրկում է բազմաթիվ երկրներ՝ հարավից մինչև մեզ և Ադրբեջան։ Բացի այդ, այն ինտեգրված է նաև Չինաստանից եկող ճանապարհին», - ասել է Թուրքիայի նախագահը։
«Այս գիծը ներառում է նաև երկաթուղային համակարգ։ Այդ պատճառով Զանգեզուրի գծի նշանակությունը բեռնափոխադրումների ոլորտում աճում է և կշարունակի աճել։ Միջին միջանցքն իր ողջ հզորությունն ստանում է հենց այստեղից։ Կարևոր է, որ Միջին միջանցքն ինտեգրվի Զանգեզուրի գծին և դրան ինտեգրվելուց հետո նման գործառույթ ունենա բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրան մեծ նշանակություն է տալիս... Սա կլինի մի գիծ, որը կանցնի Իգդիրով և կշարունակվի՝ ինտեգրվելով Նախիջևանին», - հայտարարել է Էրդողանը։
Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում: Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության տվյալներով՝ Կրեմլը արագացրել է 102-րդ ռազմաբազայի համալրման գործընթացը Գյումրիում։
Զորակազմը բաղկացած է Ռուսաստանի Ռոստովի և Վոլգոգրադի մարզերում, ինչպես նաև Ղրիմի թերակղզում ծառայող զինծառայողներից: Բացի դրանից՝ Մոսկվան ակտիվորեն կամավորներ է հավաքագրում Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես՝ Հյուսիսային Օսիայից և Ադիգեայից:
Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ ռուսական զորքերի տեղակայումը Հայաստանում տարածաշրջանում իրավիճակը անկայունացնելու ավելի լայն ռազմավարության մաս է կազմում. Կրեմլը ձգտում է մեծացնել Հարավային Կովկասի երկրների վրա ռազմական և քաղաքական ճնշումը՝ միաժամանակ բորբոքելով ազգամիջյան հակամարտությունները և լարվածություն առաջացնելով պետությունների միջև:
Հավանական է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առճակատումը պատահականություն չէ, այլ Մոսկվայի կողմից ծրագրված քայլ՝ Կովկասում իր աշխարհաքաղաքական խաղի շրջանակներում:
Մեծ Բրիտանիան 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնել է հարաբերությունները Սիրիայի հետ։
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամմին այցելել է Դամասկոս, որտեղ հանդիպել է նախագահ Ալ-Շարաայի հետ և հայտարարել Արաբական Հանրապետությանն անհապաղ մարդասիրական օգնության փաթեթի տրամադրման մասին։