Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պատմական պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ, ասված է Պետդեպարտամենտի հայտարարությունում։
«Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է», – հայտարարում է պաշտոնական Վաշինգտոնը։
Պաշտոնական Բաքուն և Երևանը երեկ հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։
Թեև Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, և Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ, Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդեց, թե Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը և հուսով է, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները բանակցությունների ավարտի վերաբերյալ և երկու երկրների միջև խաղաղության միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցումը»,-ասված է հայտարարության մեջ:
ՀԱՊԿ քարտուղարությունը նաև հույս է հայտնել, որ փաստաթուղթը հնարավորինս շուտ կստորագրվի։
«Ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում, խաղաղության և կայունության համար»,- ասված է հաղորդագրությունում։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։
Չինաստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առկա դրական զարգացումները։
Չինաստանի ԱԳՆ-ն այդ մասին հայտարարություն է տարածել։
«Չինաստանի կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական զարգացումները։ Երկու երկրներն էլ կարևոր պետություններ են իրենց տարածաշրջանում և Չինաստանի հուսալի գործընկերներն են։ Չինաստանն անկեղծ հույս է տածում, որ երկրները կկարողանան լուծել տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով՝ իրենց ներդրումն ունենալով տարածաշրջանի երկարատև խաղաղության և բարգավաճման մեջ»,- ասված է Չինաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Կրեմլը մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից։
«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման ավարտի և Երևանի՝ այդ կարևոր փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամության մասին:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես հանդես է եկել և հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին՝ ի նպաստ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության, կայունության և սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման: Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմի ցանկացած հնարավոր աջակցության վրա՝ այդ նպատակներին հասնելու համար:
Քննարկվել են նաև ռուս-հայկական փոխշահավետ կապերի հետագա զարգացմանն առնչվող որոշ հարցեր:
Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարություններին»:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի 142-րդ պլենար նիստին, որի ընթացքում քննարկվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենսդրության վերանայմանն ուղղված նախաձեռնությունը:
ԱՆ-ից հայտնում են, որ հաշվի առնելով հարցի կարևորությունը` նախագիծը մինչև հանրային քննարկմանը և պաշտոնական շրջանառության դրվելը ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով` փորձագիտական կարծիք ստանալու նպատակով:
Նախաձեռնությունն ուղղված է գույքի օտարման դիմաց լրացուցիչ, առավել բարձր փոխհատուցման չափերի նախատեսմանը, օտարման ենթակա գույքերի ուսումնասիրության և գնահատման նոր, առավել համապարփակ ստանդարտների ներդրմանը, գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշումների հիմնավորվածության պահանջների նախատեսմանը, որոշումների և փոխհատուցման չափի վիճարկման դատավարական ընթացակարգերի հստակեցմանը, գերակա շահով պայմանավորված օտարման նպատակի իրագործման համար հստակ ժամկետների նախատեսմանը, գույքի օտարման դիմաց փոխհատուցման չտրամադրման դեպքերում պետության լրացուցիչ պատասխանատվության մեխանիզմների ներդրմանը:
Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել նախաձեռնությունը` նշելով, որ այն իրական քայլ է` ուղղված հանրության գերակա շահով պայմանավորված օտարման ընթացակարգերը ՄԻԵԴ-ի պահանջներին համապատասխանեցնելուն։
Հանձնաժողովը նշել է, որ ներդնելով առավել հստակ ընթացակարգեր և սկզբունքներ, ընդլայնելով փոխհատուցման կանոնները և ներառելով որոշակի ընթացակարգային երաշխիքներ՝ այս փոփոխությունները քայլ առաջ են և ունեն պոտենցիալ նվազեցնելու ՄԻԵԴ-ի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտումների ռիսկերը:
Միևնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովը նախագծի վերաբերյալ ներկայացրել է մի շարք կարևոր դիտարկումներ, որոնք քննարկվել են Արդարադատության նախարարության պատվիրակության հետ և կընդունվեն նախագծի լրամշակման ընթացքում` նախագծի հանրային քննարկմանն ընդառաջ:
Լուսանկարում Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին է։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։
«Դատավարությունները նորմա՞լ են, իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու իրավունքների նորմերի չպահպանմամբ, նոյեմբերի 9-ի խախտմամբ․․․»,- ԱԺ-ում, ի պատասխան՝ գերիների հարցում ոչինչ չանելու մեղադրանքների, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Առաջ է գալիս հարցերի հարցը՝ ձեր գործողությունները։
Դրա դրա կառավարման միակ ձևը շարունակական բանակցություններն են, որոնք, չնայած դժվարություններին, ընդհանուր փոխադարձ հիմքեր են ստեղծում։ Համաձայնագիրը, որի մասին խոսում ենք, փոքր աստիճան կամ փոքր հիմք չէ, այլ հսկայական պատվանդան է, որի վրա կարելի է կառուցել։
Գերիների մասով, իհարկե, տեսնում ենք, թե ինչ է կատարվում, գնահատականներով հանդես ենք եկել, ամեն օր աշխատում ենք այդ հարցի լուծման համար, ցավոք սրտի՝ անհաջող:
Ավելին, մենք տեսնում ենք, որ նույնիսկ միակ ինստիտուտը, որը հնարավորություն ուներ տեսակցելու գերիներին՝ Կարմիր Խաչը, հիմա ստիպված է դադարեցնել գործունեությունն այդ երկրում, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում»,- ասաց Միրզոյանը:
«Այսօրվա քննարկման մեջ մի գիծ է գնում, թե ընդդիմադիրները խաղաղություն չեն ուզում, բայց մեզանից շատ ոչ ոք խաղաղություն չի ուզում․․․
Պարոն Միրզոյան, պատերազմը դուք եք կերտել»,- ԱԺ-ում, դիմելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ նշելով, որ իշխանության արածը բացառապես միակողմանի զիջում է։ «Թուղթ խաղաղության մասին և իրական խաղաղություն հողի վրա, դրանք տարբեր բաներ են»,- հավելեց պատգամավորը։
Ի պատասխան պատգամավորի մեղադրանքի, թե ժողովրդից շատ բան թաքուն է պահվում, Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ իրենք խաղաղության պայմանագրի մասով հայ ժողովրդից ոչինչ չեն թաքցնում։
«Մենք ժողովրդից գաղտնի ոչինչ չենք պահելու, մենք հիմա էլ գաղտնի չենք պահում, տո՜, որ ուզում եք իմանաք, ժողովուրդը հիմա համարյա ամեն ինչ գիտի»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ երբ պահը գա, կհրապարակեն խաղաղության պայմանագրի տեքստը։
Դեռ վաղ է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վայրը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմը ներկայումս ակնկալում է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարում և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։
«Վերջին հարցով երկու պետություններն էլ կարող են դիմել ԵԱՀԿ-ին: Ադրբեջանական կողմն արդեն որոշ ժամանակ է՝ այս առաջարկն է անում՝ հաշվի առնելով, որ հակամարտությունը լուծված է: Ցավոք, հայկական կողմը դեռ չի արձագանքել համատեղ կոչին: Հուսով ենք, որ Հայաստանը մեզ կտեղեկացնի իր իրական մտադրությունների մասին: Հաշվի առնելով Հայաստանում ռեւանշիստական ուժերի գործունեությունը՝ մենք դա համարում ենք լուրջ ռիսկ»,– ասել է նա:
Հանրապետության տարածքում մարտի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 13-ի ցերեկը, 14-18-ը աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։