Ներկայիս GR Supra-ն շուտով «թոշակի կանցնի». նախորդ տարի թարմացված կուպեի արտադրությունը կշարունակվի մինչև 2026 թվականը։ Հաջորդ սերնդի մշակումն արդեն պաշտոնապես հաստատված է։ Եվ, ինչպես գրում է ճապոնական Best Car Web պարբերականը, սպորտքարը կարող է ստանալ ոչ միայն Toyota-ի տարբերանշանը։ Ինսայդերները պնդում են, որ միաժամանակ կհայտնվի Lexus-ի «երկվորյակը», որը կդառնա արտադրությունից հանված RC-ի իրավահաջորդը և կփոխարինի հնացող LC-ին։
Եթե լուրերը համապատասխանում են իրականությանը, Lexus-ի գամմայում կհայտնվի ցածր նստեցվածքով և 2+2 դասավորությամբ սրահով թարմ «երկդռնանի» մեքենա, հայտնում է Мотор.ру-ն։ Toyota-ի անալոգից այն կտարբերվի արտաքին որոշ գծերով. հնարավոր է՝ Lexus-ը որոշ գաղափարներ փոխառի 2021 թվականին ցուցադրված Electrified Sport Concept կոնցեպտուալ սպորտքարից։ Կարելի է ակնկալել Lexus-ին վայել ավելի շքեղ «լցոնում» և, համապատասխանաբար, ավելի բարձր գին։
Իսկ «տեխնիկական» առումով երկու սպորտքարերը գրեթե նույնական կլինեն։ Toyota-ն առայժմ չի բացահայտում հաջորդ GR Supra-ի գաղտնիքները, սակայն BMW-ի հարթակը պետք է անցյալում մնա։ Ճապոնացիներն այսուհետ կհենվեն սեփական ուժերի վրա. կուպեն կստանա 400 ձիաուժ հզորությամբ (500 Նմ ոլորող մոմենտ) նոր երկու լիտրանոց «տուրբոքառյակ»՝ էլեկտրական «հավելումով»։
Նոր սերնդում մեխանիկական փոխանցատուփ, հավանաբար, չի լինի բնապահպանական նկատառումներով. ճապոնացիները կառաջարկեն ութ կամ ինը աստիճանով դասական ավտոմատ փոխանցատուփ։
Նոր «Սուպրայի» հայտնվելու ժամկետներ ևս չկան։ Փորձագետները կարծում են, որ դեբյուտը տեղի կունենա 2026 կամ 2027 թվականին։ Հավանաբար, Lexus-ի կուպեն կթողարկվի դրանից քիչ անց։
Մայիսին Հայաստանում մեկ կիլոգրամ տավարի միսն արժեր մոտ 9,4 դոլար, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Ղազախստանում գինը կազմել է 5,9 դոլար, Բելառուսում՝ 4,23 դոլար, Ռուսաստանում՝ 7,63 դոլար, Ղրղզստանում՝ 7,55 դոլար։
Իսկ հավի մսի մեկ կիլոգրամը մայիսին Հայաստանում արժեր 4,9 դոլար, Ղրղզստանում՝ 4,15 դոլար, Ռուսաստանում՝ 2,59 դոլար, իսկ Ղազախստանում և Բելառուսում՝ 2,9-ական դոլար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մեր վերջին զրույցը լավագույններից էր, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել անօդաչու թռչող սարքերի ոլորտում համատեղ աշխատանքների լայնածավալ աճի վերաբերյալ։
«Ուկրաինան այս տարի կստանա հարյուր հազարավոր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ որսացող սարքեր, իսկ հաջորդ տարի՝ նույնիսկ ավելի շատ»,- ասել է նա։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան Դանիայում սկսում է զենքի համատեղ արտադրություն։ Նա հայտարարել է Դանիայի հետ համաձայնագրի մասին, որը վերաբերում է անօդաչու թռչող սարքերին և այլ տեսակի զենքերին։
ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 50-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Քեր շրջանի ոստիկանությունը նախկինում հայտնել էր 43 մահվան մասին, այդ թվում՝ 15 երեխայի:
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը X սոցիալական ցանցում հայտնել է արտակարգ իրավիճակի մասին Տեխասի Քեր շրջանի մի քանի քաղաքներում: CNN-ի տվյալներով՝ տարածաշրջանում կես միլիոնից ավելի մարդ ջրհեղեղի վտանգի տակ է:
Տեխասի նահանգապետը հայտարարել է, որ նահանգային իշխանությունները ուղարկում են բոլոր հասանելի ռեսուրսները, այդ թվում՝ Ազգային գվարդիան, ավերիչ ջրհեղեղի դեմ պայքարելու համար:
Թեթև շարժիչով Ան-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել ՌԴ Անդրբայկալյան երկարամասում, ինքնաթիռում եղել է 10 պարաշյուտիստ և անձնակազմի մեկ անդամ:
Անդրբայկալյան երկրամասի մարզպետ Ալեքսանդր Օսիպովը, Թերթի փոխանցմամբ, Ռիա Նովոստիին հայտնել է, որ ինը մարդ հոսպիտալացվել է, նրանցից երեքը ծանր վիճակում են:
«Ան-2 ինքնաթիռից 9 տուժած օգնություն է ստանում Տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցում։ Մեկը հրաժարվել է հոսպիտալացումից դեպքի վայրում բժիշկների օգնությունը ստանալուց հետո։ Երեք մարդ ծանր վիճակում են, մյուսները ՝ միջին ծանրության։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-նշել է Օսիպովը։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ:
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն ավարտվել են, հայտարարել է Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«30 տարվա հակամարտությունից հետո պատմական հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասում երկարատև և անշրջելի խաղաղություն հաստատելու համար»,- ասել է նա։
Միաժամանակ Ամիրբեկովը նշել է համաձայնագրի ստորագրման «խոչընդոտները»։
«Դրանց թվում են Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, որը հակասում է խաղաղության պայմանագրի բովանդակությանը և ոգուն, ինչպես նաև այնպիսի կառույցների վերացման անհրաժեշտությունը, որոնք կորցրել են իրենց նշանակությունը, ինչպիսին Մինսկի խումբն է»։
Երեկ՝ հուլիսի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10- ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաղսի գյուղի հյուրատներից մեկից մի քաղաքացու են առևանգել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հյուրատնից դեռևս անհայտ անձանց կողմից ավտոմեքենայով առևանգվել է օտարերկրացի տղամարդ և նրան հայտնաբերելու ուղղությամբ քրեական և համայնքային ոստիկանները, պարեկները ու քննիչները սկսել են որոնողական աշխատանքներ իրականացնել։
Իրավապահները ունեն կասկածներ, որ հնարավոր է նա մինչ այդ սպանվել է, ապա դին փորձել են տեղափոխել, որպեսզի թաքցնեն, ինչպես նաև օպերատիվ տեղեկություններով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով նույնպես օտարերկրացի է և մի քանի օր է՝ բնակվում էր նշված հյուրատանը։
Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք, Ծակքար և Վարդաձոր գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։
Իլոն Մասկը հայտարարել է «Ամերիկա» կուսակցության ստեղծման մասին՝ X-ի իր էջում անցկացված քվեարկության արդյունքներից հետո։
«2:1 հարաբերակցությամբ դուք քվեարկեցիք նոր քաղաքական կուսակցության օգտին և դուք կունենաք այն։ Այն իրավիճակում, երբ մեր երկիրը սնանկանում է ավելորդ ծախսերի և կաշառակերության պատճառով, պարզվում է, որ մենք ապրում ենք միակուսակցական համակարգում, այլ ոչ թե ժողովրդավարությունում։ Այսօր «Ամերիկա» կուսակցությունն ստեղծվել է ձեր ազատությունը ձեզ վերադարձնելու համար», - գրել է նա X-ում։
Քվեարկությանը մասնակցել էր սոցիալական ցանցի ավելի քան 1.2 միլիոն օգտատեր։ 65.4%-ը քվեարկել էր նոր կուսակցության ստեղծման օգտին։
Մասկի խոսքով՝ «Ամերիկա» կուսակցության գլխավոր նպատակը կլինի «ժողովրդի կամքի» ապահովումը՝ Քոնգրես մտնելով և այնտեղ մի քանի տեղ զբաղեցնելով։