Զոհվածների հարազատները մտահոգություն ունեն, որ իշխանությունից դժգոհելու դեպքում հիմնադրամից աջակցություն չեն ստանա

Մանրամասները՝ տեսանյութում

Սեպտեմբերի 8-ի Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, և սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մաշստաբային և գունագեղ տոնակատարություն:

«Այդ տոնակատարությունը առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին». Փաշինյանի այս հայտարարությունից հետո էլ Կառավարությունն ընդունեց որոշում՝ այդ օրվա կապակցությամբ 4 օր ոչ աշխատանքային օր սահմանելու մասին։

168 TV-ի Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանը Փաշինյանի մատնանշած գունագեղ ու մասշտաբային նախատեսվող միջոցառումների մասին Փաշինյանի ձևակերպումներն այսպես բնորոշեց՝ այսպիսի հայտարարություններ անելով՝ նպատակ ունի շեղել մարդկանց ուշադրությունը մի շատ կարևոր գործընթացից, որը պատրաստվում է իրականություն դարձնել՝ իր ասած խաղաղության դարաշրջանին հասնելու համար։

Ըստ Գասպարյանի՝ ամենավերջին ձևով նվաստացած Հայաստանին պարտադրվող խաղաղության դարաշրջանին պատրաստելու թեմայից մարդկանց ուշադրությունը շեղում են նաև, օրինակ, նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանավորմամբ, հետևապես՝ պետք է արձանագրել մեկ փաստ՝ ընթանում է լուրջ գործընթաց, որը պետք է ստվերում պահել նմանատիպ գործողություններով։

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո զոհված զինվորների հիշատակը գունագեղ միջոցառումով տոնելու որոշմանը, ապա, ըստ Գասպարյանի, թեև զոհվածների հարազատները դժգոհ են այս որոշումից, սակայն դժգոհողներից ոչ բոլորը ոտքի կելնեն կամ բողոքի ալիք կբարձրացնեն։

«Այսօր շատ-շատ զոհված զինվորների ծնողներ չեն միանա որևէ դժգոհության ակցիայի ու բողոքի ալիքի, ինչը շատ ցավալի է։ Շատ ծնողներ կան, որոնք երևի մտածում են՝ մի որդի էլ ունենային՝ զոհվեր, ու իրենք այդ փողը ստանային «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից»։ Այդ հիմնադրամից գումար ստացողները մտածում են, որ Նիկոլ Փաշինյանն է այդ ամենն անում»,- ասաց Գասպարյանը։

Դիտարկմանը՝ զոհվածների հարազատներն ունե՞ն արդյոք մտահոգություն, որ, եթե դժգոհեն իշխանության կայացրած որոշումներից, գուցե այլևս հիմնադրամից աջակցություն չստանան, Սերոբ Գասպարյանը արձագանքեց.

«Այո՛ կա նման մտավախություն, և դրա համար է, որ չեն խոսում։ Շատերի հետ եմ շփվում, տեղեկություն ունեմ, թե այդ գումարով ինչեր են արել ու պատրաստվում անել։ Ցավալի է դա տեսնելն ու լսելը։ Եթե այսօր մարդն իրենից ծնված երեխայի արժեքը փոխում է կոպեկներով, էլ ի՞նչ սպասել այդ մարդկանցից»։

Գասպարյանը կոչով նաև դիմեց արցախյան պատերազմներում զոհված բոլոր զինվորների հարազատներին՝ մեծ հավաք կազմակերպելու համար, եթե իշխանությունը չչեղարկի նախատեսված միջոցառումներն ու դրանք իրականություն դարձնի։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում