Տարօրինակ և առեղծվածային․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Պուտինի կրեմլյան նստավայրի վրա ԱԹՍ-ներով ենթադրյալ հարձակման մասին

Մանրամասներ

Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կրեմլյան նստավայրի վրա ենթադրյալ հարձակումը որակել է  «տարօրինակ» և «առեղծվածային»: Այս մասին նա ասել է ֆրանսիական France Inter ռադիոկայանի հետ զրույցում։

ԱԳ նախարարի կարծիքով՝ գոյություն ունեն մի քանի վարկածներ՝ բացատրելու այս հարձակման փորձը, որը «բավականին բարդ է հասկանալ նորմալ իրավիճակներում»։  Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով նախարարը հիշեցրել է, որ «ուկրաինացիները երեկվա դրությամբ պաշտոնապես հայտարարել են, որ իրենք կապ չունեն այս իրադարձության հետ, որը մնում է չպարզաբանված»։

Ֆրանսիայի բարձաստիճան դիվանագետը նաև ադրադարձել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, որ երեկվա «ահաբեկչությունից հետո այլ տարբերակներ չեն մնացել բացի Զելենսկու և նրա կլիկի ֆիզիկական ոչնչացումից»։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը մեղադրել է ՌԴ-ի 2-րդ ամենաբարձր պաշտոնյային նման սպառնալիքների հնչեցնելու սովորության համար։ Ըստ նրա՝ Ռուսաստանն «այս էսկալացիայի միջոցով ձգտում է անկասկած վախեցնել, վախ ներշնչել, գտնել պատրվակներ, որոնք կարող են արդարացնել անարդարացնելին»։

«Նա (Վոլոդիմիր Զելենսկին - Tert.am) պետության գլուխ է, ժողովրդավարական ճանապարհով ընտրված, ուստի կարևոր է հարգել ֆիզիկական անձեռնմխելիությունը՝ որպես միջազգայնորեն ընդունված կյանքի իրավունք: Հակառակ դեպքում դա կարող է շատ վատ օրինակ լինել, որը կտարածվի հարևան երկրներում կամ այլ երկրներում»,- ընդգծել է Ֆրանսիայի արտգործնախարարը։ 

Հիշեցնենք՝ երեկ ՌԴ նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ չորեքշաբթի գիշերը Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կրեմլյան նստավայրին։ Սայան որևէ մեկը չի տուժել դրա հետևանքով։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել էր Ուկրաինայի որևէ մասնակցություն Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մեջ։ «Մենք չենք հարձակվում Պուտինի կամ Մոսկվայի վրա, մենք կռվում ենք մեր տարածքում»,- ասել էր Զելենսկին Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսին։
 
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ Վաշինգտոնը չի կարող հաստատել հարձակման մասին հաղորդագրությունը, և որ ռուսական պնդումները պետք է ընդունվեն «շատ մեծ թերահավատությամբ»։

Դեպքին անդրադարձել էր նաև ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ նշելով, որ այլ «տարբերակներ չեն մնացել բացի Զելենսկու և նրա կլիկի ֆիզիկական ոչնչացումից»։