Ով ասում է դիմադրելու պոտենցիալ չունենք, պետք է պատասխանի հարցին՝ Բա 3 ու կես տարի ինչո՞վ եք եղել զբաղված․ Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

Ասում են մենք դիմադրելու պոտենցիալ չունենք։ Մի կողմից ճիշտ են ասում՝ կառավարման ներկա որակներով այդ պոտենցիալը չկա, և 30 տարի հետո էլ չի լինելու։

Եկեք ֆինանսական, տեխնոլոգիական և մարդկային ռեսուրսների մասով տեսնենք մենք արդյոք այդ դիմադրելու ռեսուրսը ունենք, թե ոչ։

Ֆինանսական մասը.

Հենց այս պահին կառավարությունը առանց երկրի ֆինանսա-տնտեսկան կայունությանը ռիսկ առաջացնելու կարող է առնվազն 5 միլիարդ դոլար հատկացնել ռազմական ծախսերին։ Այս գումարը ավելին քան բավարար է ամբողջ սահմանով երկաթբետոնե պաշտպանական գիծ կառուցելու, և մեծ քանակի զենք ձեռք բերոլու համար։ Բայց ոչ գումարն է հատկացվում, ոչ էլ աշխատանքներ են կատարվում։ Երևի ցեմենտ ու ավազ էլ չեն կարողանում ճարեն։ Իսկ զենքի ձեռքբերման մասով՝ ինչպես է Ալիևը կարողանում անձամբ գնա Սերբիա ու մեզ՝ Հայերիս լոյալ Սերբերին համոզի, որ զենքը իր վրա վաճառեն այլ ոչ թե մեր։ Կարող է էլի խնդիրը շախմատ խաղացողի մեջ է, այլ ոչ թե Սերբերի, Բուլղարացիների ու այլ ազգերի, ովքեր զենք են արտադրում։ Նույնը՝ իբր գնված զենքը Հայաստան չկարողանալ բերելու անհեթութության մեջ է։ Ադրբեջանը իր գնած զենքերի մեծ մասը տեղափոխում է քաղաքացիական ավիացիայով, իսկ մեզ այդ նույնը ո՞վ է խանգարում անել։

Տեխնոլոգիական մասը.

Սեփական ռազմարդյունաբերությունում կիրառվում է մեր տեխնոլոգիական պոտենցիալի ընդամենը 2%-ը։ Երբ լավագույն ինժիներները ռազմարդյունաբերական ընկերությունների փոխարեն նստած են աութսորսինգ ընկերություններում, ո՞վ է մեղավոր։ The Economist-ը Ուկրաինայի օրինակոով մի վերլուծություն էր արել, թե ինչու չի զարգանում ռազմարդյունաբերությունը։ Ըստ այդմ գլխավոր խնդիրը պետություն-մասնավոր համագործակցության հստակ մոդելների բացակայության մեջ է։ Մեր դեպքում ոչ միայն մոդելներ չկան, այլ այն հազվագյուտ հաջողված մասնավոր ընկերությունները, ովքեր փորձում են հայրենիքին օգուտ բերել՝ ձեռբակալվում ու բանտ են նետվում։ Արդյունքում պետական գնումների վրա առաջացել է մակաբույծների մի ամբողջ հանրություն, որոնց միակ "հմտությունը" պետական տենդեր շահելու մեջ է կայանում։

Մարդկային ռեսուրսները.

Արցախից գաղթածների մեջ կան հազարավոր պրոֆեսիոնալ զինվորականներ, որոնց ասում են բանակում տեղ չկա՝ վերապրոֆիլավորվեք քաղաքացիական մասնագիտությունների։ Մյուս կողմից Ներքին Հանդի վերջին դեպքերից տեսանք, որ սահմանին կանգնած են ոչ զինվորական տարիքի, և ոչ պրոֆեսիոնալ զինվորականներ։ Ովքեր ուկրաինական պատերազմին հետևում են, ապա բազմաթիվ անգամներ հանդիպած կլինեն "Карабах" պազիվնոյին։ Դեռ Բոնապարտն էր ասում՝ "Ժողովուրդը, որ չի ցանկանում կերակրել իր բանակին, շուտով ստիպված կլինի կերակրել ուրիշի բանակի"։

Երկար չլինելու պատճառով չեմ թվարկում մնացած ահռելի հնարավորությունները, որոնց օգտագործումը նույնպես զրոյական մակարդակի վրա է։

Ով ասում է դիմադրելու պոտենցիալ չունենք, պետք է նաև զուգահեռ պատասխանի հարցին՝ Բա 3 ու կես տարի ինչո՞վ եք եղել զբաղված։

#մերուժըմերմեջէ

Վահրամ Մարտիրոսյան