Գլխավոր հյուպատոսությունը կդառնա տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման յուրահատուկ հանգրվան․ Արարատ Միրզոյան

Մանրամասներ
ա

Այսօր նշանակալից օր է հայ իրականական բազմադարյա և բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ։ Այս մասին Սյունիքի մարզկենտրոն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Վստահաբար կարող եմ նշել, որ Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ  փոխգործակցությունն ու կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը։ Հատկանշական է, որ այս կարևոր միջոցառումը տեղի է ունենում  ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությւոնների հաստատման 30-րդ տարում»,- ասաց Միրզոյանը։

Նա վստահություն հայտնեց, որ հետայսու կներդրվեն անհրաժեշտ ջանքեր ապագա փոխշահավետ համագործակցությունը ավելի խորացնելու և ամրապնդելու համար։

«Ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում  գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ։ Իրանը ՀՀ-ի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր, մեր փոխգործակցությունը ներառում է բավականին ընդգրկուն քաղաքական օրակարգ։ Վստահ եմ գլխավոր հյուպատոսությունը մեծապես կնպաստի հայ և իրանցի ժողովուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը և կդառնա տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման յուրահատուկ հանգրվան»,- հայտարարեց Միրզոյանը։