Ես վերահաստատում եմ մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին․ Ադրբեջանը գնում է նոր սադրանքների՝ իրադրությունը ԼՂ-ում սրելու համար. Փաշինյան

Մանրամասներ

Հարկ եմ համարում վերահաստատել ԼՂ-ում խաղաղության հասնելու ձգտումը և հավատարմությունը խաղաղության օրակարգին: Լաչինի միջանցիք փակ լինելու պայմաններում իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախորդ կիրակի օրը Ադրբեջանի ԶՈՒ մի ստորաբաժանում դարանակալել և հարձակվել է Ստեփանակերից ՈՒԱԶ մակնիշի մարդատար մեքենայով ծառայողական նպատակներով ԼՂ-ի Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր ուղևորվող ոստիկանների վրա, նրանցից երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել»,- ասաց նա։

Փաշինյանը ցավակցություն հայտնեց զոհվածների հարազատներին՝ ընդգծելով, որ նրանք երեքն էլ ծնվել են ԼՂ-ում։

«Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023թ-ի փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի արած մի հայտարարության ֆոնին։ Նա Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ իրենք պետք է ԼՂ հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը։ Ադրբեջանի նախագահը ընդգծել էր, որ այդ քննարկումները պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված մարդկանց հետ։

Մարտի 1-ին ռուս խաղաղապահների կենտրոնակայանում տեղի էր ունեցել ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որից չորս օր անց տեղի ունեցավ վերը նկարագրված սադրանքը, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել։ Այդ ահաբեկչական ակտին զոհ գնացին ԼՂ-ում ծնված , ԼՂ-ում ընտանիքներ կազմած 3, 2 և 1 երեխաներ ունեցող քաղաքացիներ»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում։

«Առաջինը՝ ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր սադրանքների համար անհրաժեշտ ֆոն ստեղծելը։ Այս առումով ԼՂ արտգործնախարարությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ արտահայտելով պատրաստակամություն՝ շարունակելու խոսակցությունն Ադրբեջանի հետ, սա չափազանց կարևոր հայտարարություն է։ Կարծում եմ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու- Ստեփանակերտ անխափան ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա։

Մարտի 5-ի սադրանքի նպատակներից մեկն էր ստեղծել կեղծ ապացույցներ, թե Հայաստանից դեպի ԼՂ զենք, զինամթերք է տեղափոխվում, ինչը չստացվեց։ Ադրբեջանի հաջորդ նպատակն էր արյունոտ ահաբեկչությամբ ձևավորվել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր հոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն փաստ՝ այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում համաշխահային բարձրագույն դատական ատյանի որոշումը։

Ադրբեջանը գնում է նոր սադրանքների՝ իրադրությունը ԼՂ-ում էլ ավելի սրելու համար, սրա ընդգծումով ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը։

Հարկ եմ համարում վերահաստատել ԼՂ-ում խաղաղության հասնելու ձգտումը և հավատարմությունը խաղաղության օրակարգին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։