Օրերս տեղի կունենա իսլամացված հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի ստամբուլյան շնորհանդեսը

«Թաքցված խաչ» վավերագրական ֆիլմի առաջին շնորհանդեսը տեղի էր ունեցել հունիսին Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնում

Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի ստամբուլյան առաջին ցուցադրությունը տեղի կունենա օգոստոսի 4-ին «Ջեզայիր» սրահում:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հանդիսատեսները հնարավորություն կունենան կարճ զրույց ունենալ ֆիլմի ռեժիսորների հետ:

«Թաքցված խաչ» վավերագրական ֆիլմի առաջին շնորհանդեսը տեղի էր ունեցել հունիսին Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնում:

Ֆիլմի մասին

«Թաքցված խաչ» վերնագրով ֆիլմը պատմում է 1915-ին ու դրանից հետո Էղիլում ապրած հայերի ճակատագրի մասին՝ ավելի շատ կենտրոնանալով մահմեդականացված հայերի ինքնության ճգնաժամի, ցեղասպանությունից հետո նրանց կրած հոգեկան տրավմաների ու իրենց սերունդներին պատմած պատմությունների վրա:

«Թաքցված խաչի» ռեժիսորներն են լրագրողներ Ալթան Սանջարն ու Սերհաթ Թեմելը: Ֆիլմի նկարահանումների շրջանակում հեղինակները հանդիպել ու խոսել են մուսուլմանացված հայերի 1-ին սերունդը համարվող 75-ից բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաև նրանց հարազատների հետ: Հեղինակները պատմությունները են լսել նաև մուսուլմանացված հայերի 2-րդ սերնդից, որոնց տարիքային խումբը 40-ից բարձր է:

Ֆիլմի երաժշտության հեղինակել է արվեստագետ Սասա Սերափը: