Տղամարդը միջամտել է երկու օտարերկրացիների ծեծկռտուքին և վնասվածք ստացել

Մանրամասներ

Ոստիկանության Նոր Նորքի բաժին հունվարի 8-ին, ժամը 22.47-ին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Մոլդովական փողոցի հասցեներից մեկում ծեծկռտուք է: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել:

«Ժամը 23.58-ին հիվանդանոցից էր հաղորդում է ստացվել. շտապօգնության խումբը նշված հասցեից ձեռքի մատների կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխել 40-ամյա մի տղամարդու:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մոլդովական փողոցի նշված հասցեում օտարերկրյա երկու քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 30-ամյա երիտասարդը ոտքերով ու ձեռքերով հարվածներ էր հասցրել մյուսին, ապա փորձել էր խփել դանակով, սակայն հիվանդանոց տեղափոխված տղամարդը խանգարել էր նրան՝ ստանալով վնասվածքներ:

Հունվարի 9-ի կեսգիշերին 30-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել է քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: