«Բժիշկներն իրենց գործը թողած՝ ռեմբոներ էին դարձել»․ ի՞նչ է կատարվել «Միքայելյան» հիվանդանոցում

Մանրամասներ
«Միքայելյան» հիվանդանոց

«Միքայելյան» բժշկական կենտրոնում երեկ՝ փետրվարի 7-ի երեկոյան միջադեպ է տեղի ունեցել բժիշկների, անվտանգության աշխատակիցների եւ պացիենտի հարազատների միջեւ։

NEWS.am-ը զրուցել է պացիենտի հարազատներից մեկի հետ, որն այդ միջադեպի հետեւանքով վնասվածք է ստացել։

«Մենք մեր հարազատին օգնություն էինք ցույց տալիս, որ մեր հիվանդին շտապ տեղափոխեն վերակենդանացման բաժանմունք։ Աշխատակիցները կարծել են, թե մենք ուզում ենք ներխուժել վերակենդանացման բաժանմունք։ Մի հատ սանիտարկա կար, սկսեց միանգամից անվտանգությանը կանչել՝ առանց պատճառի ու հիմքի։ Մեր բարեկամի քառասունքն էր, մեր կողմը խմած էր, սգի մեջ էին, նյարդային էին, երբ այդ կինը անվտանգության աշխատակիցներին կանչեց, մեր կողմն արդեն հունից դուրս եկավ, միմյանց քաշքշեցին, ինչին միացան նաեւ բժիշկները։ Էս բժիշկները թողած իրենց գործը ռեմբոներ էին դարձել, եկան ու հարձակվեցին մեր վրա։ Մեկն էլ հաստ մատանին դրել էր մատին ու հարվածում էր։ Թողել էին իրենց գործը, սաղ խառնվել էին իրար։ Մեր տղաներից մեկին այնքան էին հարվածել, որ գիտակցությունը կորցրել էր»,- պատմեց հարազատը։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ «Միքայելյան» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատները կոտրել են հիվանդանոցի գույքը, իսկ անվտանգության աշխատակիցը վիճաբանության ժամանակ ստացել է վնասվածք: Պարզվել է, որ ժամը 20.10-ին «ալկոհոլային խմածություն եւ կոմա» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 26-ամյա մի երիտասարդ, որի երեք հարազատները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ հայհոյանքներ հնչեցնելով, հարվածներ են հասցրել հիվանդանոցի հերթապահ բժշկին եւ անվտանգության երկու աշխատակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Երեւանի՝ 28-ամյա, Ծաղկունք գյուղի՝ 38-ամյա եւ Նորակերտ գյուղի՝ 28-ամյա բնակիչները ձերբակալվել եւ ներկայացվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Մեզ Քննչական կոմիտեից հաղորդեցին, որ նշված բուժհաստատությունում այցելուների կողմից առերեւույթ խուլիգանություն կաատարելու եւ բուժաշխատողների նկատմամբ ֆիզիկական ներգործություն ունենալու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (խուլիգանություն) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (ֆիզիկական ներգործություն) հատկանիշներով։ Այս պահին իրականացվում է նախաքննություն։