Ի՞նչ ենք անելու, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում իր դաշնակցին՝ Հայաստանին, այլևս երբեք «չգցի». մոտավորապես այնպես, ինչպես Ամերիկան չի «գցում» իր դաշնակից Իսրայելին. Միհրան Հակոբյան
Հուլիսի 30, 2025

Ի՞նչ ենք անելու, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում իր դաշնակցին՝ Հայաստանին, այլևս երբեք «չգցի». մոտավորապես այնպես, ինչպես Ամերիկան չի «գցում» իր դաշնակից Իսրայելին. Միհրան Հակոբյան

Որքան էլ պաշտոնական Մոսկվան փորձի հարցը ծածկադմփոց անել, շրջանցել կամ մոռացության մատնել, միևնույնն է՝ թե Ռուսաստանում, և թե ամբողջ աշխարհում բոլորը գիտեն՝ Ղարաբաղյան պատերազմում միայն Հայաստանը չէ, որ պարտվել է, Ռուսաստանը նույնպես պարտվել է, որովհետև պարտվել է Ռուսաստանի դաշնակիցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:

«Եթե Նիկոլական Հայաստանը սկզբում կապիտուլացվել, հետո հանձնել է Ղարաբաղը, ապա Պուտինյան Ռուսաստանը սկզբում ձևացրել է, թե Հայաստանի դաշնակիցը չէ, այլ ընդամենը միջնորդ է և խաղաղապահ, հետո խայտառակ կերպով ձախողել է միջնորդի ու խաղաղապահի իր հանձնառությունն ու առաքելությունը՝ 21-րդ դարում, փաստացի, դառնալով էթնիկ զտման ու հայրենազրկման մասնակից, այն էլ ինչպես իրենք են սիրում ասել՝ ռուսական հետնաբակ համարվող տարածքում:

Ռուսաստանն այս «թթու ջուրը» դեռ երկար է խմելու: Աշխարհում և հատկապես Ռուսաստանում դեռ հիշեցնելու են դաշնակցին «գցելու» և հանուն աշխարհաքաղաքական շահերի պետության (կամ կայսրության) հեղինակությունը զիջելու այս ցավոտ դրվագը: Իրականում մենք դեռ չգիտենք, թե Ռուսաստանն այս գինը վճարելով՝ ինչ է ստացել կամ ինչից է խուսափել: Չգիտենք նաև, թե Ռուսաստանն ինչպես է փորձելու իր հեղինակությունը վերականգնել և ինչպես է փորձելու փոխհատուցել հայերին: Այս բաց հարցերը նաև հնարավորություն են հայկական օրակարգերի համար, եթե, իհարկե, այդպիսիք կան:

Այնուամենայնիվ, պետք է ազնիվ լինել, մի կողմ դնել պոլիտկոռեկտությունն ու արձանագրել՝ Ռուսաստանը ճիշտ է՝ իր հեղինակության և բարոյականության հաշվին, բայց գործել է իր պետական շահերի համատեքստում: Ասել կուզի՝ մեր հարցերի առաջնային հասցեատերը Հայաստանում է ու նախ և առաջ Նիկոլն է: Ինչու՞ է Նիկոլը, որովհետև Նիկոլը պատերազմի դաշտում Ալևին պարտվելուց առաջ նախ պարտվել է Ալիևին Մոսկվայում:

Ալիևի ղազը դառնալուց առաջ Նիկոլը թույլ է տվել, որ Ալիևը Մոսկվայում Հայաստանն ու Արցախը դարձնի մանրադրամ ու լուծի իր խնդիրը: Այո, այո՝ հենց Մոսկվայում: Որովհետև հենց վարչապետ Նիկոլն էր 2018-ի ամռանը Հանրապետության Հրապարակում հանրահավաքի ժամանակ կոկորդը պատռում, թե «եթե Ռուսաստանը չցանկանա, պատերազմ չի լինի»: Նիկոլը Մոսկվայում թույլ է տվել Ալիևին անել այն, ինչը թույլ չեն տվել Հայաստանի նախկին երեք ղեկավարները, ովքեր իրենց քաղաքականությամբ, եթե կուզեք՝ դրվածքով, այնպես են արել, որ Մոսկվայում դաշնակցին «գցելու» գայթակղություն չառաջանա:

Ինչու՞ եմ այս մտքերը հրապարակայնացնում, որովհետև համոզված եմ՝ Հարավային Կովկասում Հայաստան անունով հայկական պետության գոյության համար անհրաժեշտ է դաշնակից, իսկ Ռուսաստանից բացի այլ դաշնակից Հայաստանն ունենալ չի կարող: Մնացածը՝ Արևմուտք, Իրան, Չինաստան, Հնդկաստան և այլն, կարող են լավագույն դեպքում լինել Հայաստանի բարեկամները, բայց ոչ երբեք ռազմաքաղաքան դաշնակիցները:

Այս մտքերը հրապարակայնացնում եմ, որովհետև համոզված եմ՝ Արցախի հարցը փակ չէ, ընդհանրապես՝ Հայկական հարցը փակ չէ ու Հարավային Կովկասում ներկայության համատեքստում հոգեվարքի մեջ գտնվող Ռուսաստանը մի օր վերադառնալու է տարածաշրջան:

Չկասկածեք, երբ Ռուսաստանը վերադառնա, Ալիևի ղազը հաշված օրերի ընթացքում վարչապետի աթոռից թռնելու է, որովհետև նա այլևս ոչ մեկին պետք չի լինելու: Երբ ժամանակը գա, Մոսկվան այլընտրանք չունի՝ Հայաստանով խաղալու է, բայց այդ խաղը հնարավոր չէ խաղալ փալասացված պերսոնաժներով: Այս մասին իմացողները գիտեն, բայց առանձնապես չեն խոսում, երևի այո՝ այս պահին իմաստ չկա:

Բայց իմաստ կա քննարկելու և օրակարգային խնդիր դարձնելու երկու հարց՝

1. Որպես բարոյական փոխահատուցում՝ ի՞նչ ենք ակնկալելու Ռուսաստանից և Ղարաբաղի հարցում ի՞նչ ճանապարհով ենք գնալու՝ Հայկական Երկրորդ Հանրապետություն ունենալու՞, թե՞ մարզի կարգավիճակով ուղիղ անեքսիայի:

2. Ի՞նչ ենք անելու, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում իր դաշնակցին՝ Հայաստանին, այլևս երբեք «չգցի»: Մոտավորապես այնպես, ինչպես Ամերիկան չի «գցում» իր դաշնակից Իսրայելին, ինչքան էլ, որ հաճախ նրանց շահերը չեն համընկնում:

Համոզված եմ՝ սրանք ապագա Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության կրիտիկական հարցերն են և դրական արդյունք ունենալու համար այս հարցերի պատասխանները պետք է գտնել օր առաջ: Իսկ ով կփորձի այս հարցերը շրջանցելով՝ իշխանություն դառնալու դրոշակ բարձրացնել, իմացեք՝ կամ շառլատան է կամ էլ Նիկոլի գործակից»,-գրել է նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս