Այսօրվանից՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից ուժի մեջ է մտել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որով ստեղծվում է բարձրագույն կրթության և գիտության համակարգի մեկ միասնական իրավական հենք՝ նախկինում ոլորտները կարգավորող 4 օրենքների փոխարեն: Այս մասին տեղեկանում ենք «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ից:
Օրենքում ամրագրվել են դրույթներ, որոնք միտված են բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման, այդ թվում՝ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման, որպես գիտահետազոտական ինստիտուտներ բուհերի կազմում ընդգրկվելու, համագործակցության և աստիճանական ինտեգրման, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու իրավական հիմքեր ստեղծելուն։
Նոր օրենքով՝ ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվել են բարձրագույն կրթության երեք մակարդակներ, որոնցում ուսումնառության հաջող ավարտին շնորհվում են համապատասխանաբար բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորումներ, նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան (PhD)։
Օրենքն ուժի մեջ մտնելու պահից, այսինքն այսօրվանից, գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճանները հավասարեցվում են դոկտորի գիտական աստիճանին: