«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվն ու աջակիցներն ուրբաթ օրը նախատեսում են այցելել Սյունիքի մարզ։ Առաջին կանգառը կլինի Մեղրիում, կշրջեն տարբեր համայնքներում, երկուշաբթի կվերադառնան։
Դեռ հունիսի 23-ին Բագրատ սրբազանը հայտարարել էր. «Պետք է գնանք գյուղերով, ամեն տուն մտնելով: Մենք մարդ բերելու հետեւից չպետք է գնանք, մենք՝ ինքներս պետք է գնանք ժողովրդի մոտ: Չպիտի վախենանք մեր ժողովրդից: Որովհետեւ տեղերում էլ են ինքնաբուխ շատ բաներ կատարվում»:
Այս այցը նաեւ ստուգատես է լինելու երբեմնի ընդդիմադիր համայնքապետերի՝ Առուշ Առուշանյանի, Գեւորգ Փարսյանի, Մանվել Փարամազյանի համար` կհանդիպե՞ն սրբազանի հետ, թե՞ «կարեւոր գործով» կբացակայեն մարզից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ անդամների ու աջակիցների մեքենաները շուրջ մեկ ամիս է՝ իրավապահների մոտ են։ Երբ հետաքրքրվում են՝ ի՞նչ նպատակով են պահվում, պատասխանում են՝ ստուգում ենք։ Իրավապահ համակարգից մեզ ասացին, որ մեքենաները ոչ այնքան ստուգում են, որքան դրանց մեջ գաղտնալսող սարքեր են տեղադրում:
Մի քանի օր «ստուգելուց» հետո կանչում են, մեքենան վերադարձնում տիրոջը եւ դառնում նրա մշտական «ուղեկիցը»։ Բայց ապօրինությունները սրանով չեն ավարտվում։ Գաղտնալսումները հայտնվում են իշխանական լրատվամիջոցներում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ տեղյակ է այդ ամենից՝ ոչ միայն մեքենաների մեջ են «ժուչոկներ» տեղադրում, այլեւ՝ հեռախոսներում։ «Շարժման ակտիվ աջակիցներին ու անդամներին բերման են ենթարկել, հեռախոսներն առգրավել են մի քանի ժամ, երբեմն նաեւ օրերով պահել են իրենց մոտ ու գաղտնալսող սարքեր տեղադրել։ Մոտավորապես նման եղանակով նաեւ մեքենաների մեջ են տեղադրել, երբ առանց որեւէ իրավական հիմքի քաղաքացու մեքենան տարել են տուգանային հրապարակ»,- պատմեց նա։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ ասաց, որ նման տեղեկություն ունի, որ շարժման անդամների մեքենաներում գաղտնալսող սարքեր են տեղադրում։ «Բազմաթիվ դեպքեր կան, երբ պարեկները հակաօրինական ճանապարհով, առանց հիմնավորման, տուգանային հրապարակ են տարել քաղաքացիների մեքենաները։ Ամենատարածվածը տեխզննում չանցած մեքենաները տուգանային հրապարակ տանելն է եղել, մինչդեռ դրա համար հասնում է միայն տուգանք»:
Իրավապահ համակարգի մեր աղբյուրը քաղաքացիներին խորհուրդ է տալիս՝ ոստիկանությունից, քննչականից մեքենաներն ու հեռախոսները վերցնելիս ստուգել դրանք։»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Անցած գիշեր ժամեր շարունակ տուրիստական ընկերությունների շատ աշխատակիցներ, բազմաթիվ քաղաքացիներ, ԶԼՄ ներկայացուցիչներ անցկացրել են Flightradar կայքին հետևելով։
Բանն այն է, որ «Զվարթնոց» օդանավակայանում չէին կարողանում վայրէջք կատարել Վիեննա-Երևան, Անթալիա-Երևան, Հռոմ-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան չվերթների օդանավերը։ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում։
Ի վերջո, բոլոր ինքնաթիռներն էլ կարողացել են բարեհաջող վայրէջք կատարել։
Օդանավակայանը պատճառների մասին դեռ պաշտոնական տեղեկություն չի տարածել, ենթադրվում է՝ պատճառը եղանակային պայմաններն էին։
Ռուսաստանը Ուկրաինայի հարցով երկխոսություն վարելու համար պայմաններ չի առաջադրում, Մոսկվան պատրաստ է երկխոսության այնքանով, որքանով պատրաստ են նրա գործընկերները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այս մասին խոփանցում է ՌԻԱ Նովոստին։
«ՌԴ նախագահը բազմիցս հայտարարել է՝ մենք պատրաստ ենք երկխոսության այնքանով, որքանով դրան պատրաստ են մեր գործընկերները, դրա համար պայմաններ չեն առաջադրվում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսելու հնարավորության մասին հարցին։
ԵՄ-ի հիմնական հարցերի շուրջ բանակցող վեց առաջնորդները պայմանավորվել են, որ գերմանացի Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, պորտուգալացի Անտոնիո Կոստան և էստոնացի Կայա Կալլասը կզբաղեցնեն ամենաբարձր պաշտոնները Եվրահանձնաժողովում, Եվրամիության խորհրդում և ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունում:
Այս մասին գրում է Politico թերթը՝ հղում անելով ԵՄ հինգ դիվանագետների։
Վեց բանակցողներն են Հունաստանի վարչապետը, Լեհաստանի վարչապետը, Իսպանիայի վարչապետը, Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը և Նիդեռլանդների վարչապետը:
Հաջորդ քայլը կլինի հինգշաբթի օրը Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպումը, որի ընթացքում երեք թեկնածություններ կներկայացվեն պետությունների և կառավարությունների ղեկավարների հաստատմանը:
Ուկրաինայի հակամարտությունը կարող է տարածվել տարածաշրջանից դուրս: Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ X-ի իր միկրոբլոգում։
«Ուկրաինայի հակամարտությունը կարող է տարածվել տարածաշրջանի սահմաններից դուրս և միջուկային զենքի կիրառման վտանգ կա», - ասել է նա:
Ֆիդանը նաև հայտնել է, թե Թուրքիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով, և հանդես է գալիս հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման օգտին։
«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.
«Ինչո՞ւ է համեստ, ամաչկոտ, քչախոս, զուսպ մարդն արագությամբ` ուղղակի մի քանի տարում կատաղում, հաբրգում, լկտիանում, դառնում ամբարտավան ու անպատկառ: Այո, ճիշտ եք` նման արագությամբ միայն մի բան կարող է մարդուն փչացնել` բարձր պաշտոնը: Նա արագ մոռանում է, թե ով է ինքը, որտեղից է եկել, ում շնորհիվ է հասել այդ «բարձունքին», եւ սկսում է «վերեւից նայել» մարդկությանը: Դրա համար, իհարկե, ե՛ւ օբյեկտիվ պատճառներ կան, ե՛ւ սուբյեկտիվ:
Օբյեկտիվն այն է, որ շրջապատը սկսում է ինտենսիվ փչացնել նրան` քծնել ու երկտակվել: Նա սկսում է տեսնել մարդկության բոլոր արատները, թե ինչ ստորությունների են պատրաստ մարդիկ` հանուն փողի ու պաշտոնի: Տեսնում է, թե ինչպես են իրենց մեծարում եւ հնազանդվում իրենցից շատ ավելի արժանավոր` գիտելիքներ ու փորձ ունեցող մարդիկ, որոնք երբեմն նաեւ պատրաստ են նվաստանալ պաշտոն զբաղեցնող անձանց առաջ: Բայց մեծ դեր է խաղում նաեւ այն, որ անցյալում վատ ապրած, հալածված ու չարքաշ կյանքով ապրած այդ անձանց ձեռքում հզոր լծակներ են հայտնվել, փող աշխատելու անհաշիվ հնարավորություններ:
Առհասարակ` գայթակղություններին դիմանալը հեշտ բան չէ․ դրա համար մարդը պետք է լավ դաստիարակություն ստացած լինի, բարոյական արժեքներ դավանի, իր հեղինակությունը նյութական արժեքներից բարձր դասի, գոնե` աստվածավախ լինի: Իսկ փողոցից կաբինետներում հանկարծ հայտնված, փողի համն առած այս մարդկանց մեծ մասը նշածս որակները չունի: Եվ մեր աչքի առաջ այդ մարդիկ, որոնք այլ պայմաններում կարող էին ոչ վատ քաղաքացիներ լինել` օրինավոր ու պարկեշտ, կարող էին քաղհասարակություն լինել եւ զսպաշապիկի դեր խաղալ իշխանության ներկայացուցիչների համար, լույսի արագությամբ սկսեցին փչանալ` հարստանալ, հաբրգել, բարոյազրկվել, հայրենիքը որպես տարածք դիտել»:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ ««Իրական Հայաստանի» գաղափարախոսություն ասվածն այլ բան չէ, քան քարոզչական մտահղացում:
Ինչպես առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը մի առիթով խոսել էր այն մասին, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ ՔԱՂԱՔԱԿԱՆ կատեգորիա է (քաղաքականն ընդգծում եմ, որովհետև հաճախ այդ խոսքը հիշատակվում է առանց դրա, իսկ՝ դրանով և առանց դրա, արտահայտությունն ունեի արդեն հիմնովին այլ իմաստներ), այդպես էլ կարող ենք ասել, որ «իրական Հայաստանի» այսպես ասած գաղափարախոսությունն է կեղծ քաղաքական կատեգորիա:
Կեղծ է, որովհետև Հայաստանը միշտ էլ կենսագործել է իրականության հիմքով: Այլ հարց է, թե կենսագործունեության զանազան փուլերում փաթեթավորման ինչ «հավելանյութեր» են օգտագործվել, բայց կառավարման մակարդակում մշտապես թելադրողը եղել է իրականությունը:
Թե ինչ եզրահանգումներ, մշակումներ, լուծումներ, որոշումներ են կայացվել՝ ներքին ու արտաքին, տարբեր ոլորտներում և հարթություններում, սա խնդրի մյուս կողմն է, բայց Հայաստանի Հանրապետության կենսագործունեությունը բխել է իրականությունից:
Էլիտաների՝ տնտեսական, քաղաքական, նույնիսկ մշակութային-մտավորական էլիտների ոչ բավարար աշխարհաճանաչողությունը, առաքինության անբավարար աստիճանը կամ ընդհանրապես բացակայությունը, մտածողական ցածր, գավառական նշաձողերը, ընդ որում առ այսօր պահպանվող, պետք չէ շփոթել «անիրական» կամ «պատմական Հայաստանի» հետ:
Եթե իրական Հայաստանը կառավարվել է վատ, անարդյունավետ, ապա միայն անհրաժեշտ մտաբարոյական, արժե-գաղափարական որակների պատճառով, այլ ոչ թե իբր թե իրականի ու պատմականի չտարանջատվածության:
Եվ այսօր էլ, այդ «տարանջատման» թեման՝ իբրև մի հայտնագործություն-լուծում, բերվել է մեջտեղ ըստ էության լոկ այն պատճառով, որ չկան մեջտեղ բերելու վերը նշածս որակները»:
Աղբյուրը` Հակոբ Բադալյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը:
Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանն ունի արտաքին աշխարհի աջակցությունը. ուշագրավ է, որ նրան աջակցողների շարքում են Թուրքիան և Ադրբեջանը, սակայն, այդքանով հանդերձ, եթե Հայաստանում հնարավոր լինի կազմակերպել համաժողովրդական շարժում, ընդհուպ՝ Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունն ունեցող Փաշինյանը կհեռանա իշխանությունից, ուստի այժմ անհրաժեշտ է Բագրատ սրբազանի առաջնորդած պայքարին տալ քաղաքական ձև և բովանդակություն, քանզի իշխանափոխությունն ինքն իրենով ամբողջությամբ քաղաքական գործընթաց է։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման վերադասավորման փուլին և փողոցային պայքարի ժամանակավոր դադարի պատճառներին, նման տեսակետ հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Կարինե Աճեմյանը։
«Ի՞նչ է նշանակում՝ պայքարել իշխանափոխության համար, բայց ասել, որ պայքարը չպետք է լինի քաղաքական։ Ի՞նչ է նշանակում՝ ասել, թե շարժումը պետք է չքաղաքականացնել։ Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ Երկրորդ և Երրորդ նախագահների քաղաքական թիմերն են որպես ընդդիմություն ներկայացված խորհրդարանում։ Ուզենք թե չուզենք, դա փաստ է, ուստի հույսը դնել քաղաքականությունը չներկայացնող մարդկանց վրա, դա նշանակում է քաղաքականության այբուբենին ուղղակի չտիրապետել»,- ասաց Կարինե Աճեմյանը։
Նրա խոսքով՝ եթե շարժման նպատակն իշխանափոխությունն է, ապա այո՛, թեև դժվար է լինելու հասնել թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցությունն ունեցող Փաշինյանի հրաժարականին, այդուհանդերձ, համակարգված քաղաքական պայքարի պարագայում դա հնարավոր կլինի։
«Ի դեպ, նախկինների մասին է խոսում, օրինակ, Էդմոն Մարուքյանը. ես հո տեսել եմ, թե ինչպես էր նախկինների հետևից վազվզում և բաներ խնդրում. ինքը միակը չէր։ Այս մարդիկ հիմա թեման տանում են դեպի արտահերթ ընտրություններ, որպեսզի իրենց մարդ կուսակցություններով հայտնվեն Ազգային ժողովում։ Պատահական չէ, որ անընդհատ խոսում են ներկայիս ընդդիմության՝ մանդատները դնելու մասին»,- ասաց Աճեմյանը։
ՀՀԿ ԳՄ անդամի խոսքով՝ իրականում այս փուլում արտահերթ ընտրության գնալ ցանկացողների նպատակը ներկայիս խորհրդարանում և գործող ընդդիմության տեղը ղբաղեցնելն է՝ իշխանափոխության փոխարեն։
«Եթե ներկայիս ընդդիմությունը վայր դնի մանդատները, ՔՊ-ականները կկարողանան աշխատել մեկ կուսակցությունով, դա ճգնաժամ չի առաջացնի, մեկ կուսակցությունով կաշխատեն, իրենք իրենց կծափահարեն։ Փաշինյանը եթե գնա արտահերթ ընտրությունների, կդիմի նաև Թուրքիայի և Ադրբեջանի օգնությանը, որպեսզի որևէ նախկին որևէ տեղ չհայտնվի»,- ասաց Աճեմյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։