Զալուժնին հրաժարական տվեց․ Ով է Ուկրաինայի ԶՈՒ նոր գլխավոր հրամանատարը

Մանրամասներ
ուկրաինա

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հրաժարականի դիմում է ներկայացրել, նրա փոխարեն ԶՈՒ գլխավոր հրամանատարի պաշտոնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանով նշանակվել է Ալեքսանդր Սիրսկին, ով մինչ այդ ղեկավարում էր Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերը։

Ավելի վաղ Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել էր Զալուժնիի հրաժարականի մասին, մինչդեռ նախագահ Վլադիմիր Զելենսին իր թելեգրամյան ալիքում գրել էր ԶՈՒ գլխավոր հրամանատարի հետ հանդիպման մասին՝ նշելով, որ «շնորհակալություն է հայտնել Զալուժնիին և առաջարկել մնալ թիմում», և միևնույն ժամանակ չանդրադառնալով նրա հրաժարականին։

Զելենսկին հայտնել էր, որ կարևոր ու լուրջ խոսակցություն է ունեցել Զալուժնիի հետ, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի ԶՈւ-ում թարմացումներ ու փոփոխություններ անելու հարցն ու թե ով պետք է մնա նոր ղեկավարության կազմում։

Զալուժնին ևս հայտնել էր նախագահի հետ հանդիպման մասին, սակայն իր հրաժարականի վերաբերյալ որևէ ուղիղ հայտարարություն չէր արել։

Այնուամենայնիվ, հանդիպման մասին լուրերից քիչ անց Զելենսկին իր թելեգրամյան ալիքում հայտնել է նոր նշանակման մասին՝ գրելով, որ գեներալ-գնդապետ Սիրսկիին նշանակել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում։

Նշենք, որ Զալուժնիի հնարավոր հրաժարականի մասին լուրերը լրատվամիջոցներում վերջին օրերին հաճախ էին պտտվում, իսկ Սիրսկին համարվում էր նրան փոխարինողի հիմնական թեկնածուներից մեկը։