Tiffany-ն, Cartier-ը, Hermes-ը և այլ հայտնի բրենդներ գնում են Հայաստանում մշակված ադամանդներ. Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյա

Մանրամասներ

Հայաստանում ադամանդագործության ոլորտում ակտիվություն է նկատվում, գարնանն արդեն երկրում արտադրական գործընթաց է սկսել ադամանդի վերամշակման հնդկական մի գործարան, Հայաստանում արտադրություն հիմնելու ցանկություն ունեցողներ էլի կան, այս պահին բանակցություններ են ընթանում: Ոլորտի ակտիվության մասին են խոսում նաև Հայաստանից թանկարժեք քարերի արտահանման ծավալները:

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ վերջին ամիսներին Հայաստանից արտահանված ապրանքների ամենամեծ մասնաբաժինն են կազմում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը: Օրինակ՝ այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանից արտահանվել են  508 մլն 61.2 հազար դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 3.9 անգամ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության ռազմավարական ոլորտների վարչության պետ Արևիկ Մարգարյանն այս արտադրատեսակների արտահանման աճը կապեց հիմնականում հենց ադամանդի և ոսկու ձուլակտորների, ոսկերչական արտադրանքի արտահանման հետ: Ըստ նրա՝ աճը պայմանավորված է ինչպես աշխարհաքաղաքական վիճակով, այնպես էլ երկրում հիմնված ադամանդագործական ընկերությունների աշխատանքով:

«Հնդկական VDA Diamonds ընկերությունը Հայաստանում հաշվառվել էր դեռ 2022 թ հուլիսից, իսկ այս տարվա ապրիլի սկզբից արդեն սկսել են արտադրական գործընթացն Աբովյանում: Այն հանդիսանում է հնդկական ընկերության մասնաճյուղը Հայաստանում: Ընկերությունը 10 մլն դոլարի ներդրում է կատարել Աբովյանում»,-ասաց Մարգարյանը: