Հայ ժողովուրդը կապիտուլյացիայի տեքստ գրեց, տվեց Պուտինի ձեռը, ասեց՝ սա ստորագրել կտաս. Արթուր Դանիելյան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Պուտինը երեկ հայտարարել է, որ եթե հայ ժողովուրդն ուզում է Արցախը տալ Ադրբեջանին, նա դրան չի խոչընդոտելու, դե, որտև Պուտինը հայտնի ժողովրդավար է: Կա նաև մեկ այլ խնդիր. փաստացի Պուտինը հայ ժողովրդին է մեղադրում դավաճանության մեջ, քանի որ ժամանակին ասել է, որ Փաշինյանը դավաճան չէ, բայց ինչ-որ մեկը պիտի պատասխան տա, չէ՞: Հետևաբար ընտրվել է ամենա անշառ տարբերակը` քֆուր անել հայերին, քանի որ պրակտիկան ցույցա տվել, որ հայերի մի ստվար զանգված դրան դեմ չի, եթե քրֆողը Պուտինն է: Պուտինի քֆուրը իրանց համար օրհնանք է, մանավան, եթե քֆուրը հայերին է ուղղված:

Հանուն արդարության պետք է ասեմ, որ անհաշվելի ու աներևակայելի են քֆուրի արժանի հայերիս արարքները: Օրինակ` Վազգեն Սարգսյանին հայ ժողովուրդն է սպանել, չէ՞... ո՞վ կարա ասի, որ Նաիրի Հունանյանը հայ չէր: Վազգենի սպանությունից հետո հայ ժողովուրդը թույլ տվեց, որ կառուցվի Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթամուղը, իսկ դրա կառուցման գլխավոր կապալառուին հայ ժողովուրդը նշանակեց Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրենների խորհրդում: Ավելին, տո հենց կապալառուն էլ հայ ժողովրդի մասնիկ էր, մեծանուն սփյուռքահայ բարերար Թորոյան Գևորգը:

Հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու խոհեմությունն էր դրդել լիբանանահայ Թորոյան Գևորգին իր վրա ստանձնել նավթամուղի կապալառու, լիբանանա-պաղեստինցի Հասիբ Սաբբաղի ու Սաիդ Խուրիի ու Ռոբերտ Քոչարյանի կապի ապահովումը: Երբ պաղեստինցի այս բարերարներն ակտիվ առաջ էին տանում իսրայելա-պաղեստինյան հաշտեցումն ու այդ շրջանակներում Շիմոն Պերեսի ձեռքով խաղաղասիրական երգ գրում, ու երբ էդ երգը կատարում էր Քոչարյանի հարսը, դա ոչ թե դավաճան սրիկաների մի փոքր խմբակի հերթական նենգ, շահադիտական պրոյեկտն էր, այլ` հայ ժողովրդի իղձը: Վերջիվերջո` ո՞նց կարող են հայերը հանգիստ ապրել, իմանալով, որ պաղեստինցիք ու հրեաները լեզու չեն գտնում իրար հետ: Իրանք Սեմի որդիներն են, մենք` Հաբեթի, պրակտիկորեն հորեղբոր տղերք ենք...

Հայաստանի ներսում էլ էր հայ ժողովուրդը շատ ակտիվ: Բոլոր ռազմավարական օբյեկտները հայ ժողովուրդը որոշեց հանձնել Ռուսաստանին, որը հայտնի է իր փայլուն կառավարչական ունակություններով: Սրան զուգահեռ հայ ժողովուրդը որոշեց, որ հենց Գագիկ Ծառուկյանը պիտի դառնա երկրի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը: Սա որոշելուն պես հայ ժողովուրդը ստիպեց Ռոբերտ Քոչարյանին ընդունել Մադրիդյան սկզբունքները, իսկ ընդունելուն պես ու պաշտոնը լքելուց մի քանի ակնթարթ առաջ Քոչարյանը, ենթադրաբար հայ ժողովրդի կամքն ի կատար ածելով, Երևանի փողոցներում 10 դիակ դասավորեց ու գցեց Սերժ Սարգսյանի ջեբը:

Այ, Սերժ Սարգսյանը, ըստ Պուտինի, հայ ժողովրդի հետ կապ չունի, որտև նա, ըստ նույն Պուտինի, ի տարբերություն հայ ժողովրդի, չէր ուզում Արցախը տալ Ադրբեջանին: Սա էր պատճառը, որ Ադրբեջանը հարձակվեց 2016 թվականի ապրիլին: Ռուսաստանը, առանց ում գործուն մասնակցության Ադրբեջանն իհարկե չէր հարձակվի, իր անգործությամբ ընդամենը չէր ուզում հակառակվել հայ ժողովրդի կամքին: Ժողովուրդ, որն ըստ Պուտինի դեռ էն գլխից էր որոշել Արցախը տար, դա էր պատճառը, որ մեր ռազմավարական դաշնակիցը պատերազմի ընթացքում չի կապվել իր դաշնակից Սարգսյանի հետ:

Սերժ Սարգսյանն էլ, նենգաբար ընդդիմանալով հայ ժողովրդի կամքին, ապրիլյան պատերազմից հետո գնում է Բեռլին ու բողոքում, որ մենք դաշնակից չունենք, ու որ հին զենքով ենք կռվում: Այ Ազատիչ, այ միամիտի մեկը... ի՜նչ կապ ունի զենքդ էլ, դաշնակիցդ էլ, եթե ժողովուրդը, ակազվիցը, որոշել էր Արցախից հրաժարվեր:

Հայ ժողովուրդը Սերժին չներեց այս հակազգային ամբարտավանությունը, և Սասնա Ծռերին դրդեց ահաբեկչության: Ահաբեկչության արդյունքում հենց հայ ժողովուրդը Սերժին ուլտիմատում դրեց, պահանջելով Կարեն Կարապետյանին հետ բերել քաղաքական դաշտ, այն էլ վարչապետի պաշտոնում, այլապես` սպառնալով տեռորն արտահանել ՊՊԾ-ից դուրս:

Երբ Կարապետյանը լավ տնավորվեց ու պառակտեց ՀՀԿ-ն ու ողջ իշխանական բուրգը, հայ ժողովուրդը մեյդան բերեց Նիկոլին ու ռուսական հիմնարկների աշխատակիցներին ուղարկեց Փաշինյանի հավաքներին: Կրիտիկական պահին հայ ժողովուրդը ստիպեց Կարապետյան Կարենին գնալ Սերժից հրաժարական կորզել, խոստանալով, որ նա կստանձնի վարչապետի պաշտոնը: Հրաժարականը կորզելուն պես հայ ժողովուրդը ստիպեց Կարենին դրժել իր խոստումն ու թռնել:

Հետո հայ ժողովուրդը ստիպեց Նիկոլին սաբոտաժի ենթարկել բանակցային գործընթացը: Այնուհետև հայ ժողովուրդը բախումներ հրահրեց Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը թույլ չտվեց Ռուսաստանին զենք մատակարարել իր դաշնակցին: Հայ ժողովուրդը տվեց Արցախի 85%-ը, ու, միայն Շուշին տալուն պես, հայ ժողովուրդը թույլ տվեց ռուսներին խաղաղապահ մտցնել: Ավելին, հայ ժողովուրդը, լինելով փաստացի ջախջախված, ինչ-որ աներևակայելի բջությամբ համոզեց Ալիևին, որ նա մնացածն էլ չգրավի, այլ թույլ տա, որ ռուս խաղաղապահները գան:

Հայ ժողովուրդը կապիտուլյացիայի տեքստ գրեց, տվեց Պուտինի ձեռը, ասեց՝ սա ստորագրել կտաս, բայց հետո կասես, որ Նիկոլը դավաճան չի: Դե Նիկոլը դեռ պետք էր հայ ժողովրդին իր՝ ժողովրդի, դավադիր պլանը վերջակետին հասցնելու համար: Ուղղակի ստացվում է, որ հենց հայ ժողովրդի թելադրանքով էր Պուտինը հայ ժողովրդին ասում, որ Փաշինյանը դավաճան չէ: Չգիտեմ` հայ ժողովրդի ինչին էր պետք էս ինքնախաբեություն բեմադրելը, բայց ես վստահ եմ` մի օր սրան էլ շատ տրամաբանական բացատրություն կգտնվի:

Բնականաբար հայ ժողովուրդը Քոչարյանին ստիպեց մասնակցել ընտրություններին, վերալեգիտիմացնելով Փաշինյանին, որովհետև բոլորս էլ գիտենք, որ Քոչարյանը միայն հայ ժողովրդին է լսում ու այս ժողովրդի կամքով է շարժվում:

Էս ա եղածը, ժողովուրդ ջա՜ն:

Հ.Գ. իմիջայլոց, ինչքան հասկանում եմ, ռուս և ուկրաինացի ժողովուրդների գալիք դարավոր թշնամանքն էլ հռչակվելու է ուկրաինացի ժողովրդի մեղքը: Ռուս ժողովուրդն էլ անշուշտ չի խուսափի պատասխանատվությունից: Հենց ռուս ժողովուրդն է մեղավոր հռչակվելու սեփական բանակի հերն անիծելու, թալանելու ու ոչնչացնելու համար:

Արթուր Դանիելյան