Երեկ ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով USAID-ի Եվրոպայի ու Եվրասիայի համակարգող Մարիա Լոնգիի խոսքերին, հայտնեց, որ ԱՄՆ պատրաստվում է Հայաստանում մոդուլային միջուկային ռեակտորներ տեղադրել Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար: Ընդ որում, հենց այս վերջին բառերն էին պատճառը, որ ՏԱՍՍ-ը այս թեմային անդրադարձավ, թեպետ սա իրականում վկայում է շատ ավելի լուրջ գլոբալ տեղաշարժերի մասին, քան ՀՀ կախվածությունն է ՌԴ-ից:
Դեկտեմբերին գրել էի, որ ջերմամիջուկային որոտում առաջընթացի մասին աշխարհին հայտնելը, ըստ էության, նոր աշխարհակագրի ավետիսն է: Ընկերներիցս շատերը, մանավանդ ֆիզիկոսները թերահավատորեն վերաբերվեցին այս լուրին, պդնելով, որ կիրառական ոլորտին հասնելու համար ջերմամիջուկային տեխնոլոգիաները դեռ տասնամյակներ ունեն: Բայց արի ու տես, որ երկու շաբաթ առաջ Microsoft ընկերությունը պայմանագիր է կնքել Helion Energy-ի հետ: Ըստ պայմանագրի Helion Energy-ին պարտավոր է 2028 թվականից Microsoft-ին մատակարարել 50մՎտ էլեկտրոեներգիա ջերմամիջուկային ռեակտորի շնորհիվ: Ընդ որում, չմատակարարելու դեպքում պատվիրատուն բավականին լուրջ պատժամիջոցներ է կիրառելու, այսինքն, սա զուտ վենչուրային ներդրում չէ, այլ հստակ մատակարարման պայմանագիր:
Թե ջերմամիջուկային պրոցեսները, թե մոդուլային ատոմակայանները պետք է դիտարկել շատ ավելի լայն համատեքստում, քան Microsoft-ի էկոակտիվիզմը, կամ ՌԴ-ին զսպելը: Սրանք նոր աշխարհի հենասյունային տեխնոլոգիաներն են, որոնք արհեստական բանականության, թվային տարադրամի, քվանտային համակարգիչների և տիեզերագնացության հետ մեկտեղ ուրվագծելու են նոր աշխարհակարգը: Աշխարհ, որտեղ այլևս գոյություն չեն ունենալու փաստաբաններ, պետծառայողների բանակ ու, օրինակ` բանկիրներ, ինչպես նաև նավթ և, ինչը ավելի կարևոր է, նավթադոլար: Միակ գործոնը, որ կարող էր այս պլանը խաթարել չին-եվրոպական հնարավոր ու արդեն ուրվագծվող դաշինքն էր, որին սակայն վերջ տվեց Ռուսաստանը` մտնելով Ուկրաինա:
Իմիջայլոց, որ պատկերացնեք, ասեմ ձեզ, որ մոդուլային ատոմակայանը դա մեկ ավտոտնակի չափ մի սարքավորում է, որը կարող է տալ կես գեգավատ հզորություն, այսինք` մեր Մեծամորի չափ, այսինքն` Հայաստանի ողջ սպառման մոտ 40%-ը: Ու նենց չի, որ սա նորագույն, նոր բացահայտված տեխնոլոգիա է: Ոչ, սա էլ, ջերմամիջուկայինն էլ, արհեստական բանականությունն էլ տասնամյակներ առաջ արդեն կային, ուղղակի ԱՄՆ հիմա է որոշել, որ ժամանակն է դա մտցնել շուկա:
Սրա արդյունքում է, որ ՕՊԵԿ-ն էս տարի արդեն երրորդ անգամ է պլանավորում նավթի արդյունաբերումը կրճատել, Ռուսաստանն արդեն ահագին կրճատել է, բայց դա միաևնույն է չի հանգեցնում նավթի գների աճին: Սաուդիտները որոշել են ապագայի քաղաքներ սարքել, ինչ-որ աներևակայլեի նախագծեր են փորձում իրականացնել, Դուբայը փորձում է նաև նարկոտրաֆիկի հաբ դառնալ: Բոլոր նավթագազային պետությունները հասկանում են, որ իրենց դարն ավարտվում է, և եկամուտների նոր աղբյուրներ են փորձում հայթայթել: Աշխարհը մոտենում է Մարքսի ու Էնգելսի ուտոպիստական ծայրագծին:
Արթուր Դանիելյան
0Comments