Ղրիմի կամրջի պայթյունի գործով առաջին ձերբակալվածները հայեր են

Մանրամասներ

1

Ղրիմի կամրջի պայթյունի հետաքննությունը եւ ռուսական զլմ-ներում հրապարակումները հստակ ուղղորդվում են «հայկական հետք» ձեւավորելու վրա։ Պուտինը հայտարարել է, որ դա կազմակերպել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները, ռուսական զլմ-ները չեն բացառում այլ երկրների հատուկ ծառայությունների մասնակցությունը։

Պուտինի հետ հանդիպմանը ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը ասել էր, որ Ղրիմի կամրջին պայթած բեռնատարը անցել է Բուլղարիայով, Վրաստանով, Հայաստանով, Հյուսիսային Օսիայով եւ Կրասնոդարով։ Ըստ ռուսական զլմ-ների, բեռը Բուլղարիայից հասցվել է վրացական Փոթի նավահանգիստ՝ Ուկրաինայի քաղաքացու պատվերով։ Փոթիից բեռնատարը գնացել է Հայաստան՝ մաքսազերծման համար, վերադարձել Վրաստան եւ Վերին Լարսով հասել ՌԴ Արմավիր քաղաք։ Մինչ այդ, բեռը գտնվել է հայերին պատկանող ընկերության պահեստում, որտեղ էլ, ըստ քննության նախնական տվյալների, տեղադրվել է պայթուցիկը։

Արմավիրում վտանգավոր բեռն ընդունել է «Ագրո բիզնես» ընկերությունը։ Ընկերությունը զբաղվում է սոյայի վերամշակմամբ և գտնվում է Վորովսկոգո փողոցում։ ՍՊԸ-ն պատկանում է ծնունդով Մակեևկայից Գեորգի Ազատյանին և նրա հորը՝ Սամվելին։

Գեորգի ներկայությամբ բեռնումն իրականացրել է ընկերության տրակտորավար Յուրի Պոստնիկովը՝ մեխանիկական բեռնիչի միջոցով։ Հոկտեմբերի 8-ին հատուկ ծառայություններն այցելել են պահեստ։ Հարցաքննվել են բոլոր ամբաստանյալները, առգրավվել են ձեռնոցները, որոնցով աշխատում էր Յուրին, և աշխատողների հեռախոսները։

Ձերբակալվել են Սամվել Ազատյանը, նրա որդիները՝ Գեորգին ու Արտեմը, ինչպես նաև բանվոր Յուրի Պոստնիկովը։

Ինչու են բեռը Վրաստանից բերել Հայաստան եւ մաքսազերծել, հետո կրկին տարել Վրաստան․ տարօրինակ է, որ Երեւանը չի բացատրում Հայաստանում գտնվելու նպատակը։

Նշենք, որ չի նշվում առաջին բեռնատարի (Փոթիից Արմավիր) վարորդի անունը, ով նույնպես հարցաքննվել է եւ, դատելով տեղեկություններից, չի ձերբակալվել։ Հրապարակումներով արդեն արանքից հանվում է Հյուսիսային Օսիան, թեեւ, ինչպես նշվում էր Պուտինին Բաստրիկինի զեկույցում, բեռն անցել է ռուս-վրացական սահմանը, այսինքն ենթարկվել է ռուսական հատուկ ծառայությունների զննումը։

Այսինքն, ամենեւին բացառված չէ նաեւ նրանց ուղիղ մասնակցությունը «Կամուրջ» օպերացիային, միջուկային հարվածի պատրվակ ստեղծելու համար։ Խնամքով հանվում է նաեւ Վրաստանը, թիրախում թողնելով միայն հայերին, ինչը ռուս-թուրքական համագործակցության հստակ նշաններ են։