Նետիր այդ իմ ոտքերի մոտ

Ինձ տեսնելու համար դու պետք է բերես քո հոգսերն ու ցավերը և ցույց տաս Ինձ քո վստահող սիրտը
հավատ

 

Մայիսի 21

Ինձ տեսնելու համար դու պետք է բերես քո հոգսերն ու ցավերը և ցույց տաս Ինձ քո վստահող սիրտը: Երբ կարողանաս իրապես հրաժարվել հոգսերից, այն ժամանակ միայն կգիտակցես Իմ իրական ներկայությունը:

Երբ անընդմեջ հետամուտ լինես Իմ Ներկայության գիտակցությանը, իբրև պարգև Ինձ կստանաս: Հոգսերի ու մտածմունքների մեջ ոչ ոք չի կարող տեսնել Իմ Երեսը: Երբ քո բեռները թողնես իմ ոտքերի մոտ, միայն այդ ժամանակ կհանես այդ գիտակցությանը և Հոգևոր Տեսողությանը:

Հիշիր՝ Հնազանդություն, Հնազանդություն և միայն Հնազանդությունն է այն ուղիղ ու նեղ ճանապարհը, որ տանում է քեզ Երկնքի Արքայություն: Այս պահին արժե քեզ մտերմաբար ասել. «Ինչու Ինձ Տեր, Տեր եք անվանում, բայց ասածներս չեք կատարում»:

Նկարագիրը կերտվում ու գեղեցիկ տեսք է ստանում կարգ ու կանոնով ու պարտականությունները կատարելով միայն, որովհետև Իմ աշակերտները պետք է մեծ գնով ի կատար ածեն իրենց փրկությունը, թեպետ այս բանը գլուխ չի գա առանց Իմ Ուժի ու Օգնության և առանց Ինձ հետ սերտ հաղորդակցություն ունենալու:

Ամեն մի անհատ հոգու համար ուսուցումը տարբեր է նաև հոգևոր կյանքի պարագայում: Այն մարդուն, որ սիրում է ապրել աղոթքի ու մտածումի ինքնամփոփ մի կյանք, թելադրվում է կյանքի գործուն ճանապարհ դուրս գալ, իսկ եռանդուն ու բազմազբաղ մարդուն թելադրվում է հանդարտվել ու համբերությամբ Ինձ սպասել: Ինչ ուրախություն, ինչ հանգիստ ու խաղաղ վիճակ կհաջորդի սրանց, բայց զբաղյալ իրադրության մեջ խաղաղություն պահպանեք: