Սիրողի սերը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Մի մոռացեք, որ ձեզնից ամեն մեկի մեջ Աստված կա

Հիսուս

Մայիսի 12

Իմացեք, որ սիրող Տերը հաճույք է զգում իրեն ուղղված մտերիմ պահանջներից. ինչպես ինքն է ուզում, որ Իր Բարեկամներն ու Հետևորդները նմանօրինակ հաճույք զգան Իր մտերմիկ պահանջներից:

Ընտանեկան կյանքի հրաշալի կողմը ի հայտ է գալիս այն պարզության մեջ, երբ երեխան վստահորեն պահանջներ ու խնդրանքներ է ներկայացնում իր ծնողներին, ինչպես նաև ծնողների սիրալիր պահանջների մեջ, որ երեխաներին են ներկայացվում այն վստահությամբ, որ նրանք ուրախությամբ ու սիրով կկատարեն դրանք: Ինձ հետ ունեցած հաճախակի զրույցների, Ինձ ուղղված բազում աղոթքների, Իմ պատվիրանները լսելու ու դրանց հնազանդվելու պայմանով միայն իբրև արդյունք՝ գալիս է այն մտերմությունը, որի շնորհիվ Իմ հետևորդները համարձակվում են մոտենալ Ինձ՝ իբրև բարեկամը բարեկամին:

Ամեն դեպքում ենթարկվեք Իմ սիրալիր պնդումին, բայց մի մոռացեք, որ Ես էլ եմ տեղի տալիս ձեր թախանձանքներին: Խնդրեք Ինձնից ոչ միայն այն մեծ բաները, որոնց մասին Ես ձեզ ասացի, այլ նաև սիրո փոքրիկ ու գեղեցիկ նշաններ: Հիշեք, որ Ես եկա՝ իբրև աշխարհի մեծագույն Սիրողը: Իմ սերը բնավ մի համարեք սոսկ իբրև կարեկցանք կամ ներողամտություն: Այո, այդ է Իմ Սերը, բայց միևնույն ժամանակ սիրողի իսկական մի Սեր է, որ արտահայտում է Իր Սերը անհաշիվ բառերով, գործերով և մտերիմ մտածումներով:

Մի մոռացեք, որ ձեզնից ամեն մեկի մեջ Աստված կա. Ես հարգում եմ այդ Աստվածը և ենթարկվում Նրան, թեպետ և՝ Ես ու Հայրս Մեկ Ենք: Ուրեմն, երբ մարդը ավելի ու ավելի է նմանվում Իմ Հորը, որ Երկնքում է, Ես մեր բարեկամությանը ավելացնում եմ նաև հրճվանքը ու ջերմ Սերը: Մարդկանց տեսածի պես չէ, որ Ես տեսնում եմ ձեր մեջ եղած Աստվածը:

Մարդուն տրված է իր ընկերոջ մեջ տեսնել, առհասարակ, այն ձգտումներն ու հատկությունները, որ ինքն ունի: Այդպես է նաև Իմ դեպքում. իրապես Աստված լինելով՝ կարողանում եմ տեսնել ու ճանաչել Աստծուն մարդու մեջ: Այս իրողությունը հիշեք, երբ հարաբերվում եք այլոց հետ:

Ձեր գործելու շարժառիթներն ու ձգտումները կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր հասել են ձեր հոգևոր մակարդակին: Ուրեմն դուք զուր տեղը ու անմտորեն մի ակնկալեք, որ ուրիշները հասկանան ձեզ: Մի դատեք նրանց, ովքեր չեն կարողանում հասկանալ ձեզ: Ձեր բարբառը օտար մի լեզու է նրանց համար: