Աստված և առաջնորդություն

«Իմ ձեռքը չի կարճացել, որ չկարողանա փրկել», hիշիր այս, կրկնիր և վստահիր այս խոսքին


Մայիսի 19

Հանգիստ եղիր, իմացիր, որ ամեն ինչ Իմ վստահելի ձեռքում է: Հանգիստը վստահություն է նշանակում, իսկ անդադար գործունեությունը՝ անվստահություն: Քանի դեռ չգիտես, որ Ես գործում եմ քեզ համար, դու հանգիստ չես ունենա. անգործությունը վհատության արդյունք է:

«Իմ ձեռքը չի կարճացել, որ չկարողանա փրկել»: Հիշիր այս. կրկնիր և վստահիր այս խոսքին: Սիրով ընդունիր այս իմացումը ու ցնծա դրանով: Այսօրինակ ճշմարտությունը նման է փրկարար պարանի, որ նետվում է խեղդվողին: Այս խոսքի ամեն մի կրկնություն մի առաջ քայլ է, որ մոտեցնում է մարդուն ապահովության ափին:

Այս մտապատկերը թող սովորեցնի քեզ մի մեծ ճշմարտություն: Այս ճշմարտությունը քո ձեռքից այլևս բաց մի թող, իբրև աղոթք ասա այն, հաստատիր այն, իբրև պարան բռնիր այն: Որքան անմիտ ու զուր են քեզ փրկելու քո անձնական ճիգերը, երբ մի ձեռքով պարանն ես բռնել, իսկ մյուս ձեռքդ ջանք է թափում դեպի ափ լողալ: Կարող է և այնպես պատահի, որ թողնես քեզ նետված պարանը ու այդպես արգելք հարուցես քեզ ազատողին, որ քեզ չկորցնելու համար գործում է շատ մեծ զգուշությամբ:

Կյանքը չի կազմված միայն փոթորիկներից ու վայրիվերումներից: Թեպետ սաղմոսերգուն ասում է. «Քո բոլոր ալիքներն ու կոհակները անցան իմ վրայով»: Բայց, այնուհանդերձ, գրում է նաև. «Նա դուրս հանեց ինձ սոսկալի վիհից, տիղմից ու տառապանքից և իմ ոտքը դրեց ժայռի վրա և իմ ընթացքը հաստատեց»:

Մտածեք այս հրաշալի ճշմարտության երեք իմաստների վրա. ապահովություն, վստահություն, առաջնորդություն: 1. Հանեց ինձ ահավոր վիրապից՝ Ապահովություն: 2. Ոտքս դրեց ժայռի վրա՝ Վստահություն: 3. Հաստատեց ընթացքս՝ Առաջնորդություն: Այս երրորդը վերջնական հանգրվանն է, երբ փրկված հոգիները մինչև վերջ Ինձ վստահելով՝ այլևս չեն փնտրում իրենց ճանապարհը, այլ ապագան իր ծրագրերով հանդերձ թողնում են Ինձ՝ իրենց Ազատարարին: