Սոխով և սխտորով սոուսը կարող է պաշտպանել կանանց կրծքագեղձի քաղցկեղի առաջացումից

Հետազոտության առաջատար բժիշկ, Գաուրի Դեսաին նշել է, որ իր հետազոտությունը հիմնել է ուռուցքների առաջացման վրա սոխի և սխտորի ազդեցության վերաբերյալ մինչ այդ կատարված աշխատանքների վրա

Սոխով և սխտորով սոուսը կարող է պաշտպանել կանանց կրծքագեղձի քաղցկեղի առաջացումից։ Այս մասին տեղեկացնում են Բուֆալոյի ամերիկյան և Պուերտո Ռիկոյի համալսարանների գիտնականները։

Հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են Nutrition and Cancer ամսագրում, պուերտոռիկացի կանանց մոտ, ովքեր ուտում են սոֆրիտո սոուսը, կրծքի քաղցկեղի առաջացման ռիսկը 67 տոկոսով քիչ է այն կանանց համեմատ, որոնց սննդաբաժնում այդ սոուսը չկա։ Սոուսի հիմնական բաղադրիչներն են սոխն ու սխտորը։

Հետազոտության առաջատար բժիշկ, համաճարակաբանական գիտությունների թեկնածու Գաուրի Դեսաին նշել է, որ իր հետազոտությունը հիմնել է ուռուցքների առաջացման վրա սոխի և սխտորի ազդեցության վերաբերյալ մինչ այդ կատարված աշխատանքների վրա։ Մյուս գիտնականներն ասում են, որ սոխն ու սխտորը հարուստ են ֆլավոնոիդներով և ծծմբաօրգանական միացություններով, ինչն էլ կարող է բացատրել դրանց հակաուռուցքային արդյունավետությունը։

«Այդ միացությունները հակաքաղցկեղածին հատկություններ են դրսևորում մարդկանց, ինչպես նաև փորձնական հետազոտություններին մասնակցած կենդանիների մոտ»,- ասել է Բուֆալոյի համալսարանի համաճարակաբանության և շրջակա միջավայրի հիգիենայի ամբիոնի դոցենտ Լինա Մուն։

med.news.am