ԵԱՏՄ-ից պետք է առավելագույնս դինստացիա պահել

Սանկտպետերբուրգյան հանդիպումը երկկողմ հարաբերությունների ձեւաչափ չէ, այլ միջազգային տնտեսական համագործակցության հարթակ, եւ, հետեւաբար, այն Հայաստանի համար ճանաչողական է.Տարասով

Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովից ժլատ պաշտոնական տեղեկատվություն է փոխանցվում՝ ոչինչ չասող՝ «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր» ոճի մեջ։ Համաժողովի երկրորդ օրը հաղորդվեց, որ Նիկոլ Փաշինյանը հայ-բուլղարական առնչություններին վերաբերող հարցեր է քննարկել Բուլղարիայի նախագահի հետ, իսկ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է գազի սակագինը։ Փաշինյանի խոսքով՝ կարեւոր է, որ համաձայնեցված գինը չարգելակի հանրապետության աճի տեմպերը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ավելի վաղ հայտնել էր, թե ղարաբաղյան հարց չի քննարկվել։ Քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում ասաց, որ սանկտպետերբուրգյան հանդիպումը երկկողմ հարաբերությունների ձեւաչափ չէ, այլ միջազգային տնտեսական համագործակցության հարթակ, եւ, հետեւաբար, այն Հայաստանի համար ճանաչողական է՝ «հետագա գործընթացներին մասնակից դառնալու համար՝ աշխարհայացքի խորացման առումով»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության թեման չի հիշատակվել: Տարասովն է՞լ է այդպես կարծում։ «Իսկ քննարկելու ի՞նչ կա, ինչ-որ նոր բան կա՞, բացի Փաշինյանի հայտարարությունից, որ ինչ-որ գաղտնի փաստաթղթեր են կորել։ Չեմ տեսել՝ Պուտինին էլ հազիվ թե ցույց տար, ուստի մեկնաբանելու բան չկա»։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների տարբեր ճյուղեր պետք է կոորդինացվեն դեղագործական, նավթային արդյունաբերության ոլորտներում։ Տարասովին հարցրինք՝ կարո՞ղ էր ԵԱՏՄ տնտեսությունների հետագա խորացման հարց եւս քննարկվել։ Նա խուսափողական ասաց՝ նման համաժողովներին հարցերը հպանցիկ են քննարկվում։ 

Իսկ ի՞նչ հետագա «կոորդինացման» մասին կարող է խոսք լինել, եթե ԵԱՏՄ-ին միացած Հայաստանն իր մաքսային համակարգը, գնային քաղաքականությունն արդեն հարմարեցրել է այս կառույցին, ինչի արդյունքում ապրանքների մի ստվար ցանկ Հայաստանը 2015-ից սկսած՝ ներմուծում է շատ ավելի բարձր մաքսատուրքով։

Հետագա կոորդինացումը չի՞ բերելու Հայաստանի ինքնիշխանության վերջնական կորստին, որից առանց այն էլ շատ բան ենք տվել վերպետական այս համաձայնագրի շրջանակներում։ Այս թեմայի շուրջ զրուցեցինք տնտեսագետ, քաղաքագետ Հայկ Բալանյանի հետ, որը կարծում է, որ Հայաստանի ու Ռուսատանի տնտեսությունների առավել խորացումը նշանակում է, որ Հայաստանը դառնում է Ռուսաստանի մարզ։ «Հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսությունը մեծ ծավալի չէ, ոչ էլ ունի արտադրության մեծ ծավալներ, կարող եմ միանշանակ ասել, որ սա քաղաքական որոշում է, որի նպատակը Հայաստանը բռի մեջ պահելն է»։ Բալանյանը կարծում է, որ Հայաստանը վերջապես պետք է կարողանա իր արտաքին քաղաքականության միջոցով կանխել նման պարտադրանքները։ Մանավանդ, որ Ռուսաստանը՝ ինքը, գտնվում է շատ խոցելի արտաքին ու տնտեսական հարաբերություններում, երբ ով չի «ալարում», պատժամիջոցներ է կիրառում երկրի հանդեպ։

«Եվ սա արդեն մեզ վնասելու է, որովհետեւ փորձելու են խփել Ռուսաստանին, որպես միջոց օգտագործելու են Հայաստանը»,- ասում է տնտեսագետը։ Այնպես որ, միակ բանաձեւն է՝ պահպանել ռազմավարությունը՝ անկախ այսրոպեական վնասներից։ «Իսկ ռազմավարությունն այն է, որ պետք է մաքսիմալ դիստանցիա պահել եւ թույլ չտալ, որ ավելի թաթախվենք այդ դաշինքի մեջ։ Հակառակը, մեր ռազմավարությունը պետք է լինի նույնիսկ ինչ-որ բան կորցնելով՝ Հայաստանի քաղաքական ազատությունները եւ Հայաստանին ձեռքերի ազատություն ապահովել։ Մենք պետք է հասկանանք, որ ավելի լավ է հիմա վճարենք, բայց ապագայում պահպանենք մանեւրելու հնարավորություն։ Մենք այս քաղաքականության ձեռքը, այսպես ասած, տուժել ենք, երբ տակտիկական հարցերի համար զիջել ենք ռազմավարությունը»,- ասաց քաղաքագետը։

Ըստ Բալանյանի՝ եկել է պահը, որ Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքականության 20-ամյա թրենդը։ Չնայած դա հեշտ չէ՝ հաշվի առնելով 2 երկրների քաշային տարբերություններն ու այն լծակները, որն ունի Ռուսաստանը Հայաստանին զենք վաճառելու եւ այլ հարցերում։ Հնարավոր «կորուստներ» ասելով՝ ի՞նչ նկատի ունի, արդյո՞ք, որ Ռուսաստանը գազի սակագինը կդարձնի Հայաստանի համար սեղմօղակ։ Տնտեսագետն ասաց․ «Ոչ միայն գազ։ Նաեւ՝ բենզինի գին։ Իմ չստուգված տեղեկություններով՝ հիմա շատ տարօրինակ վիճակ է, երբ Հայաստանը չի կարողանում բենզին ներմուծել այլ երկրներից, որովհետեւ Վրաստանի տարածքում երկաթուղային գծով Հայաստան տեղափոխել հրաժարվում են։ Իսկ ավտոմոբիլային տրանսպորտով արգելված է։ Նույնը՝ ցորենի հետ կապված»։