Իսրայելա-ամերիկյան տանդեմը Հայաստանին «ինքնասպանության» է մղում. Begin Sadat Center

Մանրամասներ
բայդեն

Իսրայելական հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկը՝ «Begin Sadat Center»-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է ՀՀ իշխանությունների՝ դեպի Արևմուտք դրեյֆին՝ այն անվանելով կրիտիկական ռիսկ ՀՀ–ի համար, փոխանցում է lurer.com-ը: Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի համար հիմնական մարտահրավերը ռուսական և արևմտյան վեկտորների բալանսավորումն է, ինչը, ըստ հրեա վերլուծաբանների, դժվար լուծվող խնդիր է ՀՀ իշխանությունների համար:

Ըստ հոդվածագրի՝ չնայած երկկողմ ռազմական համաձայնագրով Ռուսաստանի հետ կապված լինելուն, Գյումրիում ռուսական ռազմաբազայի առկայությանը և ՀԱՊԿ-ին անդամակցությանը, Հայաստանը հաջողությամբ անտեսեց Ռուսաստանի և Ղազախստանի նախաձեռնած տնտեսական ինտեգրումը ԵԱՏՄ շրջանակներում։ Վերլուծաբանները զուգահեռներ են տանում Ուկրաինայի հետ, որը նույնպես, խզելով կապերը ՌԴ–ի հետ, բռնեց Արևմուտքի և մասնավորապես՝ ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհը: Ըստ իսրայելական «Begin Sadat Center»-ի՝ Հայաստանն ու Ուկրաինան այս առումով նման են, քանի որ, ըստ էության, Արևմուտքի համար կատարում են ՌԴ–ի ազդեցությունը նվազեցնելու գործիքիկազմի դեր:

Առանձնահատուկ ուշադրություն հոդվածում դարձվում է Հայաստան-Իրան կապերին: Շեշտվում է, որ Իրանի դերը այս պահին էլ անչափ մեծ է՝ Թուրքիայից և Ադրբեջանից եկող վտանգները զսպելու գործում: Միևնույն ժամանակ ընդգծվում է այն հանգամանքը, որ Իրանը որոշակի կոմպենսացիա կարող է պահանջել ՀՀ-ից՝ Արևմուտքի հետ գործակցության դիմաց և այդ կոմպենսացիան կարող է լինել հենց Արևմուտքից ստացվող զենքերը, լաբորատոր նմուշները Թեհրանին փոխանցելու միջոցով: Իսրայելական վերլուծաբանների շուրթերով Արևմուտքն իր անվստահությունն է հայտնում Փաշինյանին և շեշտում, որ Արևմուտքից առարկայական օգնություն ստանալուց առաջ վերջինս պետք է ապացուցի իր լոյալությունը, այս դեպքում՝ խզի կապերը նաև Իրանի հետ: Այն Իրանի, որը, ըստ նույն վերլուծաբանների, այսօր մեծ դեր է խաղում ՀՀ անվտանգության ապահովման հարցում: Թե արդյունքում ի՞նչ է ստանալու Հայաստանը՝ հայտնի չէ, սակայն, ակնհայտ է, որ այս հոդվածը լավագույնս արտահայտում է Արևմուտքի պլանները Հայաստանի մասով: Պատահական չէ, որ հոդվածագիրը գովաբանում է Փաշինյանի՝ ՌԴ–ի հետ հարաբերությունները լարելուն ուղղված քայլերը, զուգահեռներ անցկացնում Ուկրաինայի հետ, ինչպես նաև մեսիջ հղում՝ Իրանի հետ ստրատեգիական նշանակության կապերը խզելու անհրաժեշտության մասով: