Թշնամու կողմից լայնածավալ պատերազմի վտանգը մեծ է․ Հիմնական վտանգը, կարծում եմ, Վարդենիսի, Ջերմուկի, Երասխի և Սիսիանի ուղղությամբ է

Մանրամասներ
քարտեզ

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախորդ գիշերվա ընթացքում թշնամին առաջնագծի գրեթե բոլոր ուղղություններով կրակել է հայկական դիրքերի վրա։

Տարբեր տրամաչափի զենքեր են կիրառել, որոշ տեղերում զորքի ու զինտեխնիկայի տեղաշարժ են արել։ Թշնամու կողմից լայնածավալ պատերազմի վտանգը մեծ է,

առաջնագծի խորքում թշնամին զորք ու զինտեխնիկայի տեղաշարժ է անում։

Հանրության ուշադրությունը Տավուշի մարզի ուղղությամբ է, սակայն հիմնական վտանգը, կարծում եմ, Վարդենիսի, Ջերմուկի, Երասխի և Սիսիանի ուղղությամբ է։
Միաժամանակ խնդրում եմ չճշտված տեղեկություններ չտարածել։ Դրանք հանրությանը և զորքին շեղում են։

Խնդրում եմ նաև զորքի հնարավոր տեղաշարժի մասին չգրել և ընդհանրապես տեսանյութեր չհրապարակել։

Իսկ մեր այն հայրենակիցները, ովքեր ինձնից կոնկրետ վայրերի մասին կոնկրետ տեղեկություններ են սպասում, պետք է հիշեցնեմ, որ թշնամին ևս կարդում է, և ես չեմ կարող ամեն ինչի մասին գրել' հանուն մարդկանց տեղեկատվական ցանկության բավարարման։ Դրա համար շատ բան հրապարակային չեմ գրում կամ շուտ չեմ գրում։

Ավելին, ամբողջ գիշեր զբաղված եմ եղել առաջնագծի հետ կապով, երեկ ուշ երեկոյան մեծ քողարկիչներ և այլ ապրանքներ եմ ուղարկել տարբեր ուղղությունների առաջնագծեր, և բնականաբար չէի կարող նստել համակարգչի դիմաց և գրել նորություններ։

Սիրելի հայրենակիցներ, տեսնում եմ, կան որոշ դժգոհություններ իմ հաղորդած տեղեկությունների ինտենսիվությունից և մանրամասներից։ Ներեցեք, բայց ավելին չեմ ասի հանուն մեր հայրենիքի ու մեր զինվորի անվտանգության։ Կարող եք հետևել այլ տեղեկատվական աղբյուրների, որոնք կգրեն այն, ինչ դուք եք ցանկանում։

Ես չեմ կարող շուտ գրելու կամ լայքերի համար ստեր կամ չափազանցություն տարածել։ Դա իմ սկզբունքը չէ»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան