Տնտեսվարողները պարտավոր են ամեն օր մաքրել տեղացած ձյունը, իսկ ձյան ու սառույցի կուտակումներից՝ մայթերն ու սալիկապատ հատվածները․ Երևանի քաղաքապետարան

Մանրամասներ
4

Տնտեսվարողները պարտավոր են ամեն օր մաքրել տեղացած ձյունը, իսկ ձյան ու սառույցի կուտակումներից՝ մայթերն ու սալիկապատ հատվածները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Ի գիտություն տնտեսվարողների

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչության, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի կոմունալ բաժնի աշխատակիցները շրջայց են իրականացնելու Երևան քաղաքում:

Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ:

Համաձայն որոշման, տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները:

Պարտադիր բարեկարգման պահանջն, ի դեպ, նշանակում է ոչ միայն մաքրել հարակից տարածքը ձնից ու սառույցից, այլև կանաչապատ ու բարեկարգ պահել մայթերը:

Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը նախատեսում է տուգանք՝ 15.000-20.000 դրամի չափով՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման պահանջները չկատարելու դեպքում», - գրել է նա: