Բիլ Գեյթսը հայտնել է, որ համագործակցում է «Թալիբան» շարժման հետ

Մանրամասներ
ա

Բիլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը համագործակցում է Աֆղանստանում արմատական «Թալիբան» շարժման ժամանակավոր կառավարության հետ։ Նրանց համատեղ աշխատանքն ուղղված է երկրում պոլիոմելիտի դեմ պայքարին։ Այս մասին Բիլ Գեյթսը հայտարարել է The Telegraph-ի հետ զրույցում։

Հաղորդվում է, որ հիմնադրամի գործընկերները «Թալիբանի» ներկայացուցիչների հետ հանդիպել են Կատարում։ Գեյթսն իրավիճակն անվանել է «շատ բարդ»՝ հաշվի առնելով շարժման դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Ամերիկացի բիզնեսմենը նաև պատասխանել է հարցին՝ պատրաստ է արդյոք ինքն անձամբ հանդիպել թալիբների հետ։

«Անկեղծ ասած՝ ես չգիտեմ՝ կրում է արդյոք այս թեման գաղտնի բնույթ, թե ոչ: Ես շատ բան կանեի պոլիոմելիտի վերացմանն ուղղված քարոզարշավին նպաստելու համար: Սա հիմնադրամի հիմնական առաջնահերթությունն է»,- ասել է ձեռնարկատերը։

Պոլիոմիելիտը բարձր վիրուլենտություն ունեցող սուր վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը զարգանում է պոլիովիրուսով ողնուղեղի գորշ նյութի վնասման հետևանքով և բնութագրվում է հիմնականում նյարդային համակարգի ախտահարմամբ: Հվանդությունը հիմնականում ասիմպտոմ ընթացք է ունենում։

Երբեմն վիրուսը ներթափանցում է կենտրոնական նյարդային համակարգ և բազմանում շարժիչ նեյրոններում, ինչը հանգեցնում է նեյրոնների մահվան և նրանց կողմից կառավարվող մկանների անդառնալի պարեզի կամ կաթվածի։