Հայիթիում չեղյալ են հայտարարել սպանված նախագահի հրաժեշտի արարողությունը. մասնակցել են միայն մի քանի պաշտոնյաներ և նրա այրին. ՖՈՏՈ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հայիթիի Կապ-Հայիթիենի քաղաքապետարանը քաղաքում զանգվածային անկարգությունների պատճառով չեղյալ է հայտարարել երկրի սպանված նախագահ Ժովենել Մոիզի հրաժեշտի արարողությունը, որին պետք է մասնակցեին հարյուրավոր մարդիկ․ փոխարենն արարողությանը մասնակցել են միայն մի քանի պաշտոնյաներ և Մոիզի այրին, Nouveliste տեղական թերթին հղումով գրում է ria.ru-ն։

Պարբերականի տվյալներով՝ քաղաքում հրաժեշտի արարողությանն ընդառաջ ցուցարարները բարիկադներ են կառուցել, քարեր են նետել պաշտոնյաների և դիվանագետների ավտոշարասյան վրա: Ոստիկանությունը և անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք ուղեկցել են պաշտոնյաներին, ստիպված են եղել օդ կրակել, որպեսզի կանխեն ցուցարարների հետագա գործողությունները։

Հաղորդվում է, որ երկրի նոր վարչապետ Անրի Արիելի ավտոշարասյունը հազիվ է կարողացել անցնել այն կամրջով, որը ցուցարարները փակել են այրվող անվադողերով: Ցուցարարները մի քանի անգամ փորձել են շրջել նրա մեքենան։ 

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին անհայտ անձինք գրոհել էին Հայիթիի նախագահի նստավայրը, սպանել նրան և վիրավորել տիկնոջը: Հաղորդվել էր, որ առաջին տիկինը նույնպես մահացել է ստացած վնասվածքներից, սակայն ավելի ուշ այդ լուրը հերքվել էր: 

Հայիթիում նախագահ Ժովենել Մոիզի սպանության համար կասկածվող 11 անձինք ձերբակալվել են երկրում Թայվանի դեսպանատանը։ 

Ավելի վաղ Կոլումբիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Մոիզի սպանության համար կասկածվում են հարավամերիկյան այս երկրի թոշակի անցած զինվորականները։ Հայիթիի իրավապահ մարմինները, իրենց հերթին, հայտնել են, որ պարզել են 28 ենթադրյալ հանցագործների ինքնությունը, որոնցից 26-ը Կոլումբիայի քաղաքացիներ են, երկուսը՝ հայիթական ծագմամբ ամերիկացիներ:

Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 17 կասկածյալ, ևս 7-ը սպանվել են ոստիկանության գործողությունների ընթացքում։

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության գործի շրջանակում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիները հայտարարել են, որ վարձկանները պետության ղեկավարին սպանելու առաջադրանք չեն ունեցել: Վարձկանների նպատակը եղել է դատավորի հրամանով նախագահին ձերբակալելը, և ոչ թե սպանելը:

ա

ա

ա