Հստակ եմ ասում, ԱՄՆ-ը երբեք, երբեք, երբեք չի ճանաչի Ուկրաինայի տարածքը բռնակցելու Ռուսաստանի փորձը․ Բայդեն

Մանրամասներ

1

ԱՄՆ-ն «երբեք, երբեք, երբեք» չի ճանաչի Ուկրաինայի տարածքը բռնակցելու Ռուսաստանի փորձը, հայտարարել է նախագահ Ջո Բայդենը, գրում է BBC-ը։

Նա այս մասին ասել է ուրբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող ելույթից առաջ, որում նա պետք է հայտարարի, որ Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը միանում են Ռուսաստանին։

Բռնակցման արդյունքում ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ, հավելում է աղբյուրը:

«Միացյալ Նահանգները, ես ուզում եմ շատ հստակ ասել այս հարցում, երբեք, երբեք, երբեք չի ճանաչի Ռուսաստանի հավակնությունները Ուկրաինայի ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- ասել է Բայդենը։

Սեպտեմբերի 23-ից 27-ը ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում Ռուսաստանին միանալու հարցի շուրջ հանրաքվեներ են անցկացվել։ ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքների համաձայն՝ Ռուսաստանին միանալու օգտին քվեարկել է մարդկանց 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում՝ 93,11 տոկոսը։

Պուտինը սեպտեմբերի 30-ին Կրեմլում կմասնակցի Ռուսաստանին նոր տարածքների միացման մասին պայմանագրերի ստորագրման արարողությանը: