ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքին նվիրված գագաթնաժողով կանցկացնի Լեհաստանում. Փոմպեո

Գլխավոր նպատակը Մերձավոր Արևելքում կայունության հաստատումն է

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմպեոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ը փետրվարի 13-14-ին Մերձավոր Արեւելքում կայունության հաստատմանն աջակցելու հարցերին նվիրված միջազգային գագաթնաժողով կանցկացնի Լեհաստանում:

«Մենք տասնյակ երկրների կհավաքենք ամբողջ աշխարհից: Բոլոր երկրները կհավաքվեն, որպեսզի կենտրոնանան Մերձավոր Արեւելքում կայունության հաստատման, այստեղ, այս տարածաշրջանում խաղաղության, ազատության եւ անվտանգության վրա, եւ դա կարեւոր հարց է ներառում՝ կարող ենք մենք արդյոք համոզվել, որ Իրանն ապակայունացնող ազդեցություն չի գործում տարածաշրջանի վրա»,-հայտարարել է Փոմպեոն:

Նա հավելել է, որ գագաթնաժողովին կմասնակցեն Ասիայի, Աֆրիկայի. Արեւմտյան կիսագնդի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ: