ՌԴ-ի դեմ այս տարածաշրջանում վերադիրքավորվելով Արևմուտքը դեպի Հայաստան քաղաքական վերադարձ է կազմակերպել

Նիկոլ Փաշինյանի երկարաժամկետ ծրագիրը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ քաղաքական կենակցությունն է, որպեսզի Հայաստանը դառնա հարճ

«Արևմուտքում կա հաշվարկ՝ կազմակերպել քաղաքական վերադարձ դեպի Հայաստան՝ վերադիրքավորվելով ՌԴ-ի դեմ այս տարածաշրջանում։ Հիմա փորձում են որպես բարի «ձյաձյաներ»՝ վերադիրքավորվել։ Քաղաքական նկատառումներից ելնելով, իհարկե, այդ բարությունից պետք է օգտվել, բայց Մոսկվայից երես թեքելն ու թռնելը Վաշինգտոն կամ Բրյուսել՝ կլինի հերթական անգամ հայկական քաղաքական մտքի տկարամտություն»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի լուծումը գտնելու առնչությամբ էլ Արմեն Աշոտյանն ասաց, որ, այո՛, կարող ենք դիմել, գուցե ստանանք ՄԱԿ-ի ԱԽ-ում հայանպաստ բանաձև, բայց դա մնալու է թղթի վրա։

«Եթե աշխարհի մեծերը հետո ուժ չեն գործադրում ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը գործադրելու մասով, ո՞ւմ է դա պետք. այո՛, քաղաքական հնչեղության տեսակետից այս մեխանիզմը կարող է գործարկվել ՌԴ-ի հետ խորը համագործակցության համատեքստում, իհարկե»,- ասաց Աշոտյանը՝ շեշտելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հարցը հիմա շահարկվում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է հայտնվել ու պետք է ցույց տա, թե գործ է անում։

«Դիմել են ՀԱՊԿ-ին, հետո ՄԱԿ-ին։ Կասի՝ ժողովուրդ ջան, տեսե՛ք, գործ ենք անում, տակից կհեղինակազրկի Մոսկվային, որովհետև Նիկոլ Փաշինյանի երկարաժամկետ ծրագիրը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ քաղաքական կենակցությունն է, որպեսզի Հայաստանը դառնա հարճ, իսկ դա անելու համար կրկնակի խաղ է տանում»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ այլ կառույցներից աջակցություն խնդրելու փոխարեն՝ նախևառաջ մենք ինքներս պետք է մեզ պաշտպանենք, օրինակ՝ պետք էր բանակում մեր կրած կորուստներն արագ համալրել, սակայն այդ ուղղությամբ որևէ բան չի արվել։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում