Գորիս-Կապան ճանապարհը Խորհրդային Հայաստանն է կառուցել. Այդտեղ Ադրբեջանի մասին խոսք չկա. Այսօր կատարվողը խայտառակություն է 

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Եվ իր պատմական, և իրավական հիմքերով ճիշտը 1926 թվականի քարտեզն է։ 1926-ի քարտեզում բոլոր անկլավները՝ սկսած Ոսկեպարից, Ալ լճերը, բոլորը հայկական տարածքներ են։ Եթե իրենք պնդում են, որ անպայման սահմանազատում պետք է լինի, ապա իմ կարծիքն այն է, որ գոնե 1926-ի քարտեզը պետք է հիմք ընդունվի։ Մոսկվայի գենշտաբը հաստատել է այդ քարտեզը։

Իսկ արդեն Անդրֆեդերացիայի տարիներին Թիֆլիսից էր կառավարվում Հայաստանը։ Եվ օգտվելով նաև Հայաստանի ղեկավարության թուլությունից, նրանք որոշ հարցերում թելադրում էին, և տարածքներ են տրվել Ադրբեջանին։ Բայց իրականում չկա որևէ որոշում՝ ռազմական կամ այլ, որը կբերվի ու կասվի, որ կոնկրետ այս տարածքը տրվել է որևէ մեկին։ Դրանք որպես արտոտվայրեր օգտագործվել ու զիջվել են պայմանավորվածության համաձայն՝ նույնիսկ ռայկոմի քարտուղարների մակարդակով, որոշակի բանավոր համաձայնությամբ։ Բայց սահմանագծման ու քարտեզագրման առումով, որ այդ տարածքները մշտական տրվեն իրենց օգտագործման, նման բան գոյություն չունի։ Ես կարծում եմ՝ կոնկրետ այս դեպքում ճիշտը 1926 թվականի քարտեզն է։

1964 թվականին Գորիս-Կապան ճանապարհը Խորհրդային Հայաստանն է կառուցել և միշտ օգտագործել է իր համար։ Այսինքն՝ այդտեղ Ադրբեջանի մասին խոսք չկա։ Այսօր հայտարարություններ են արվում, ադրբեջանական գյուղերի անուններ են հնչում, դա խայտառակություն է, այդպիսի բան գոյություն չունի։ Փաստորեն մենք մեր ձեռքով մեր տարածքները կարծես տալիս ենք։ Դա շատ սխալ է, մենք պետք է կարողանանք մեր տարածքները պաշտպանել։ Թուրքը միայն ուժն է ճանաչում և ուժի հետ է հաշվի նստում։ Մենք զիջելով՝ կհասնենք նրան, որ նրանք արդեն ոգևորված են էն մտքով, թե Արցախն իրենցն է։ Անվտանգության մեր գոտին կրճատվել է, և այսօր մեր սահմանամերձ այդ շրջանները վտանգի տակ են։ Այս մոտեցումը շատ վտանգավոր տենդենց է, պետք է այս տենդենցը կանխվի, դրա համար զիջումների քաղաքականությունը սխալ է, մենք չպետք է գնանք զիջումների։ Հասկանալի է, որոշակի խնդիրներ կան, բայց դրանց լուծման համար պետք է մեր ճշմարտությունը ներկայացնել։

Մենք նաև մոռանում ենք Արցախի հարցը։ Երբ 1991 թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի նիստը գումարվեց, նրանք որոշեցին, որ ճանաչում են իրենց անկախությունը ոչ թե որպես Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, այլն 1918-1920 թվականի Ադրբեջանի։ Իսկ այդ ժամանակ Արցախն Ադրբեջանի մաս չի կազմել։ Իսկ եթե Արցախն Ադրբեջանի մաս չի կազմել, ինչո՞ւ մենք չենք պնդում այդ փաստը։ Ես միշտ ասել եմ՝ բա դաշտային Արցախի խնդիրը ինչո՞ւ չեք դնում բանակցություններում, որպեսզի նրանցից կարողանանք զիջումներ կորզել։

Այսինքն՝ դիվանագիտական  աշխատանք է պետք, ակտիվ բանակցություններ պետք է վարել հենց մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, որովհետև շատ հարցերում ռուսական կողմն էլ աջակցում է նրանց։ Բայց այդ աջակցությունը չի լինի, եթե ակտիվ բանակցես, քո պատմական փաստերը տանես դնես, պնդես ու ապացուցես։

Պատմաբան Էդիկ Մինասյան

Սկզբնաղբյուր