ԱՄՆ-ն պարտություն է կրելու. Ռոհանի

Պատժամիջոցներն ազդում են մարդկանց կենսամակարդակի վրա

Ամերիկյան պատժամիջոցներն ընդդեմ Իրանի չեն հասնի իրենց նպատակին, թեև ազդում են իրանցիների կենսամակարդակի վրա: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, գրում է ТАСС գործակալությունը:

«Պատժամիջոցներն ազդում են մարդկանց կենսամակարդակի վրա, սակայն կասկած չկա, որ ԱՄՆ-ն պարտություն է կրելու, և Իրանի կառավարությունը խորհրդարանի, ժողովրդի և հոգևոր առաջնորդի աջակցությամբ կհաղթահարի դժվարությունները», - ասել է Ռոհանին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի գլխավոր նպատակն Իրանին «ծնկի բերելն է»:

«Նրանք ցանկանում են, որ իրանցի ժողովուրդը կորցնի հավատը երկրի ապագայի ու մեր քաղաքական համակարգի նկատմամբ, համոզվի պետության անարդյունավետության մեջ»,- հայտարարել է Իրանի առաջնորդն ու շեշտել, որ այս պատժամիջոցներով ԱՄՆ-ն խախտում է բոլոր տեսակի միջազգային համաձայնությունները:
 
Իրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտել այս տարվա նոյեմբերի 5-ից: Դեռևս մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: