Գործող Աստված

Հասկացիր, ջանա շարունակ տեսնել, որ դու չես հեղինակը Հզոր Գործերի, այլ քո մեջ գործող Աստվածային Հոգին է այդ ամենի կատարողը

Հիսուս

Նոյեմբերի 7

Զորությունը ձեր պատկերացրածի պես մի համապարփակ ուժ չէ, որ տագնապի ժամին ձեզ օգնության եք կանչում: Զորությունը պարզապես նույն Ինքը՝ Գործող Աստվածն է:

Երբ Իմ հետևորդներից որևէ մեկը, անգամ նրանցից ամենատկարը, թույլ է տալիս, որ Աստված գործի իր միջոցով, այդ ժամանակ նրա արած բոլոր գործերը կատարյալ են լինում:

Այս մտածումը ունեցիր հատկապես այն օրերին, երբ անելիքներ առանձնապես չունես: Հասկացիր, ջանա շարունակ տեսնել, որ դու չես հեղինակը Հզոր Գործերի, այլ քո մեջ գործող Աստվածային Հոգին է այդ ամենի կատարողը: Ինչպես արդեն ասել եմ՝ քո միակ անելիքը պետք է լինի՝ քո անձը և քո Ես-ը սպանելն ու հեռու վտարելը: Ընտիր ուրագը վարպետի ձեռքում շատ որակով գործեր կկարողանա կատարել: Այդ նույն ուրագը անվարժ տղեկի ձեռքում ոչ մի բան չի կարող անել: Ուրեմն հիշիր, որ ոչ թե գործիքը, այլ այն օգտագործող ձեռքն է արդյունք տվողը:

Հիշիր նաև, որ ոչ մի օր չպետք է կորած համարել, եթե այդ օրը մի որևէ Հոգևոր Ճշմարտություն ավելի պարզ ու հստակ է դարձել քեզ համար: Ոչ մի օր չի կարող կորած համարվել, եթե այդ օրը տրամադրվել է, որ Ես գործածեմ: Իմ այդ գործածությունը կարող է և չտեսնվի քո կողմից, բայց այդ Ինձ թող: Դու միայն բնակվիր Իմ մեջ և թող, որ Ես էլ քո մեջ օթևանեմ, որպեսզի կարողանաս առատ պտւղներ տալ: Պտուղը ճյուղերի գործը չէ, թեև ճյուղերը հպարտորեն նրանց կրում են իրենց վրա: Պտուղը Որթատունկի Գործն է, որ իր կենսահյութը արմատներից շարունակ ճյուղերին է մղում: Ես Որթատունկն եմ, դուք՝ ճյուղերը: