ԱՄՆ-ի բնակիչն իրենց փողոցում առկա փոսի վրա իշխանությունների ուշադրությունը գրավելու նպատակով ծննդյան տոն է կազմակերպել

Ֆեյսբուքում լուսանկարը տեղադրելուց հետո հանրային աշխատանքների վարչությունը «լցրել է փոսը»

ԱՄՆ-ի Քանզաս Սիթի քաղաքի բնակիչը ծննդյան տոն է կազմակերպել իրենց փողոցում առկա «3-ամսական փոսի» համար՝ փորձելով այս քայլով գրավել քաղաքային իշխանությունների ուշադրությունը, հայտնում է CNN-ը:

Քանզաս Սիթիի փողոցներում հարյուրավոր փոսեր կան, որոնք անհապաղ վերականգնման կարիք ունեն: Ֆրենկ Սերենոն որոշել է, որ այդ խնդիրը լուծելու լավագույն տարբերակը այն «տոնելն է»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նա ծննդյան տոն է կազմակերպել իրենց փողոցում արդեն երեք ամիս գոյություն ունեցող փոսի համար: Ծննդյան արարողությունը Ֆրենկը մի կտոր տորթով է նշել:

«Չեմ երգել նրա համար: Մտածեցի երգելու մասին, բայց քանի որ փոքր-ինչ շոգ էր, որոշեցի, որ տորթը լրիվ բավական է»,-CNN-ի հետ զրույցում հայտնել է Սերենոն:

Ֆեյսբուքում լուսանկարը տեղադրելուց հետո հանրային աշխատանքների վարչությունը «լցրել է փոսը»:

Սերենոյի խեսքով՝ այն քաղաքում հարյուրավոր փոսերից միայն մեկն է:

«Պետք է փոքր-ինչ ստեղծարար գտնվել մեր ուզածին հասնելու համար: Ես միայն ուզում եմ վստահ լինել, որ իմ և հարևաններիս ձայնը լսվել է»,-հայտնել է տղամարդը:

Նա նաև հայտնել է, որ հույս ունի՝ ևս մի փոսի համար ծննդյան արարողություն ստիպված չի լինի կազմակերպել: