Ամեն ինչ լավ է և ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է

Մանրամասներ
թագավոր

Մի թագավոր ուներ խորհրդական։ Թագավորը շատ էր սիրում նրան, քանի որ նրանք լավ ընկերներ էին։ Եվ բոլոր այն հարցերին, որոնք տալիս էր թագավորը, խորհրդականը պատասխանում էր.

- Ամեն ինչ լավ է և ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է։

Դա նյարդայնացնում էր նրանց շրջապատի շատ մարդկանց։

Մի անգամ, երբ թագավորին սափրում էին, այնպես պատահեց, որ պատահմամբ կտրվածք արեցին նրա պարանոցին։ Մարդիկ վազեցին խորհրդականի մոտ` խորհուրդ հարցնելու, թե ի՞նչ, ինչպե՞ս, ինչու՞ ... Եվ խորհրդականը կրկին պատասխանեց.

- Ամեն ինչ լավ է և ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է։

Դե իհարկե, եկան ու թագավորին հայտնեցին նրա պատասխանը։ Թագավորը զայրացավ ու հրամայեց.

- Բերեք ինձ մոտ նրան։

Խորհրդականին բերեցին և նա թագավորին նորից կրկնեց նույն բառերը.

- Ամեն ինչ լավ է և ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է։

Թագավորը կատաղեց և հրամայեց խորհրդականին նետել բանտի խուցը։ Խորհրդականին նետեցին բանտախուցը։

Բայց այդ օրը թագավորն ու խորհրդականը նախօրոք պայմանավորվել էին միասին որսի գնալ։ Ու թագավորն ստիպված մենակ գնաց։

Այնպես պատահեց, որ որսի ժամանակ թագավորը շատ խորացավ անտառում, որտեղ ապրում էին վայրենի ցեղեր, որոնք հենց այդ օրը պետք է զոհ մատուցեին իրենց աստվածներին։ Երբ նրանք նկատեցին թագավորին, բռնեցին նրան ու տարան իրենց առաջնորդի մոտ` զոհաբերության համար։ Առաջնորդը նկատեց թագավորի պարանոցի կտրվածքը և ասաց, որ նա անմաքուր է և ոչ պիտանի` զոհաբերության համար։ Նրանք ստիպված թագավորին բաց թողեցին։

Թագավորը վերադարձավ տուն ու գնաց բանտախուց` խորհրդականի մոտ և ասաց նրան.

- Դու ճիշտ էիր։ Եթե իմ պարանոցի վնասվածքը չլիներ, նրանք ինձ կսպանեին։

Խորհրդականը պատասխանեց.

- Լավ էր, որ դու ինձ բանտարկեցիր, թե չէ նրանք ինձ կսպանեին։

Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է, որ ընթանա։ Տառապանքի պահը կանցնի ու կգնա և կգա ձեր երջանկության պահը։

Թարգմանությունը՝ Խորեն Կասյանի

----------------

.Հ.Գ. Վերջին տողերն ինձ հիշեցրին հայկական հրաշալի հեքիաթներից մեկը, երբ թագավորի երազում հնչում է ձայնը.

- Մեկ է, վատ բան է լինելու։ Հիմա՞ ես ուզում, թե՞ հետո ... Ասա ...

Թագավորն ասում է - Հիմա։

Ու փաստորեն ... պարզվում է, որ ճիշտ ընտրություն էր արել ... (Բայց դա ուրիշ պատմություն էր)։

Խորեն Կասյան