Անավարտ զրույցներ-2

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի մահվան 20-րդ տարելիցին

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի մահվան 20-րդ տարելիցին

Եռաբլուր այցելելը ծիսակատարություն է: Ակամա մտաբերում ես բոլոր գնացածներին, այդ թվում՝ նաեւ նրանց, ովքեր այստեղ չեն հուղարկավորված: Ես մի ընկեր ունեի, որի մասին քեզ չհասցրի պատմել: Խոսքն Արթուր Մկրտչյանի՝ Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նախագահի մասին է: Նրա հետ սովորում էինք նույն կուրսում եւ ապրում հանրակացարանում: Պատմության ֆակուլտետից մեզ հետ ղարաբաղցի էլի մի տղա կար, Ռոմա էր անունը: Ես Ղարաբաղը նրանցով ու տարիներ հետո տողեցի Վիգենով ճանաչեցի: Երեքն էլ զոհվեցին: Լույս իջնի նրանց շիրիմներին: Ռոմիկը քչախոս էր ու լրջմիտ՝ ճիշտ եւ ճիշտ իր երկրամասի խորհրդանշական արձանի տղամարդու պես: Վիգենը՝ «շուլուխչի», սրամիտ, ամեն նախադասությունը՝ ծիծաղ պոկող: Սա էլ իր հող ու ջրի չտրտնջացող, ճկուն ու հույսն իր վրա դնող տեսակն էր: Մեկ ամիս անդրկովկասյան զինվորական հավաքում ընկերություն արեցինք: Մեր միջի ամենալավ կրակողն ինքն էր: Լավն էին տղաները, հուսալի՛, ընկերության մեջ էլ՝ ջինջ:

Ու թեեւ տարիներ անց մենք ղարաբաղցի նախագահներ ունեցանք, որոնցից՝ որպես ղեկավարի, հիասթափվեցինք, բայց դա ղարաբաղցու նկատմամբ իմ վերաբերմունքի փոփոխման հիմք չդարձավ: Ընդհակառակը՝ ավելի համոզվեցի, որ ամեն ծառ իր ոստն ու փուշն ունի, ու դրանից պտղատու ծառի անունը չի արատավորվի: Թող ինձ ներեն իմ արցախցի մյուս ընկերները, բայց ինձ համար հենց Արթուր Մկրտչյանն է ղարաբաղցու ամենազուլալ օրինակը: Գուցե միայն նրա՛ն հասցրի ավելի խորը ճանաչել: Բուհում երկուսս էլ ընտրեցինք նույն՝ ազգագրագետի մասնագիտությունն ու ավարտելուց հետո 1981 թվին, գործուղվեցինք Սարդարապատի թանգարան՝ աշխատելու, ուր ապրելու համար երկուսիս մի տնակ տվեցին: Եզակի մաքուր ու հայրենասեր անձնավորություն էր: Շատ ունակ էր, սովորում էր գերազանց: Շատ-շատ էր կարդում: Հիշում եմ՝ անգլերենի նույն խմբում էինք: Հայրենի գյուղում օտար լեզու չէր անցել ու ստիպված էր սկսել առաջին քայլերից: Իր աշխատասիրությամբ ու համառությամբ նա շուտով առաջ անցավ շատերիցս: Ավարտելիս անգլերենի ու ռուսերենի իմացությամբ արդեն կուրսի լավագույններից էր: Հետագայում՝ ասպիրանտուրա, գիտական թեզի պաշտպանություն, մի խոսքով՝ բռնեց գիտնականի ճանապարհը: Շատերս չգիտեինք, թե համալսարանից հետո ինչ ենք անելու: Բայց Արթուրն իրեն պատրաստում էր Ղարաբաղում ապրելու եւ աշխատելու համար: Երբեմն մտածում եմ. եթե Արթուրը ողջ մնար, հետագայում շատ ավելի մեծ դերակատարություն կարող էր ստանձնել մեր երկրի պատմության մեջ: Արդյո՞ք նա եւս չէր չարաշահի իր դիրքն ու չէր փորձի այլոց պես նյութական հարստություն դիզել:

Ընկերոջս չգովաբանեմ: Միայն կասեմ, որ նա հրաշալի հասկանում էր հասարակության զարգացման օրինաչափությունները, համաշխարհային ու հայրենական պատմության օրինակներից գիտեր, թե ինչպես են թագավորները, զորավարներն ու հեղափոխական գործիչները կործանվել, անգամ իրենց կյանքով հատուցել երկակի կերպարով ապրելու, ժողովրդին խաբելու, ունեցած դիրքը սեփական շահերին ծառայեցնելու համար: Որպես մասնագետ՝ նա խորությամբ գիտեր, թե ինչու եւ ինչպես են Հայաստանում հաստատվել ու կործանվել արքայատոհմերը, գիտեր, թե պետականության ամրապնդման գործում ինչ բացառիկ դեր է խաղում առաջնորդի բարոյական բարձր նկարագիրը: Արթուրը եզակի զուսպ անձնավորություն էր՝ ազնիվ ու արդարացի պոռթկումներով հանդերձ:

Թանգարանում աշխատելու երրորդ ամիսն էր, ասաց, որ մեկին հավանել է եւ ուզում է ինձ հետ ծանոթացնել ու իմ կարծիքն էլ իմանալ: Իջանք թանգարանի ներքնահարկ, ուր արխիվի աշխատողներն էին նստում: Աղջիկը՝ Գոհարիկը, քթի տակ երգում էր ու մեզ տեսնելուց չընդհատեց երգը, շարունակելով ե՛ւ երգել, ե՛ւ աշխատել, ե՛ւ գլխով ընդունել մեր բարեւը: Լիրիկական խառնվածքի տեր էր երեւում, որի տեսակը, սովորաբար, ունենում է ամենօրյա գուրգուրանքի, սիրո ու ջերմության ակնկալիք: Գուցե մեղք եմ անում հոգուս, բայց ինձ թվաց, որ այդպիսի փափկասիրտ ու նուրբ կինը դժվար պայմանների համար «նախատեսված» չէ եւ ամենածանր պահին էլ ավելի շատ մտածելու էր ամուսնուց ուշադրություն ու քնքշանք ստանալու, քան նրա հոգսերով ապրելու, նրան թիկունք լինելու մասին: Այդպիսին էր այդ մեն-միակ հանդիպման տպավորությունս, որ կարող էր եւ խաբուսիկ լինել: Երբ Արթուրը հարցրեց տպավորությանս մասին, նայեցի նրա աչքերին, որ կարծես ասում էին՝ հանկարծ վատ բան չասես: Պատասխանս այսպիսին ստացվեց. «Եթե նրան սիրում ես, այլեւս ոչ մեկից կարծիք մի՛ հարցրու»:

1992 թվի հունվարի 9-ին Արթուր Մկրտչյանն ընտրվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ: Որոշ ժամանակ անց իմացա, որ հայաստանյան իշխանությունները մի տեսակ սառնություն են տածում նրա հանդեպ: Մի քանի անգամ որոշեցի քեզ մոտ գալ, պատմել Արթուրի մասին, խնդրել, որ նպաստես այդ հարաբերությունները հարթելուն: Բայց Արթուրի նախագահությունը 100 օր էլ չտեւեց: Ապրիլի 14-ին նա կնքեց իր մահկանացուն: Երբեք, նույնիսկ նեղ շրջանակում չեմ վիճարկել պատահական ինքնասպանության վարկածը: Բայց միշտ հարցրել եմ ինձ. ի՞նչն էր նրան այդքան նյարդայնացրել, որ նա զենքը մոտեցնի քունքին ու վստահ լինելով, որ փամփուշտ չկա ատրճանակում, քաշի ձգանը: Այդ նյարդայնությունը հենց այդ պահի՞ն ծնվեց, թե՞ հրաբուխը մակերեսին էր, ու միայն մի վերջին հրում էր պակասում: Ամուսիններով տանը մենակ էին:

Անկախ այն բանից, թե ինչ խոսակցություն էր նախորդել դեպքին, դա դեռ բավական չէր կտրուկ, թեկուզ ձեւական ու ցուցադրական ինքնասպանության փորձ անելու համար: Դեռ մի կողմ թողնենք փաստը. ինչո՞ւ եւ ինչպե՞ս էր փամփուշտ մնացել փողի մեջ: Աշխարհում շատ են եղել ինքնասպանություններ: Բայց բոլորի հիմքում կա նախապատմություն: Ի՞նչ հարցեր են, որ այնպես հուզական պայթյունի են հասցնում մարդուն: Արթուրը տեւական ժամանակ արդեն գտնվում էր հուզախռիվ վիճակում: Հայաստանյան իշխանություններն օրինականորեն ընտրված իշխանության կողքին Արցախում ծրագրում էին ստեղծել այլընտրանքային հենարան՝ ի դեմս Պաշտպանության պետական կոմիտեի ու նրա ղեկավար Ռոբերտ Քոչարյանի: Վերջինս եղել էր Արթուրի մրցակիցը եւ քվեարկվելիս գրեթե ձայն չէր հավաքել: Իսկ ի՞նչն էր պատճառը, որ պաշտոնական Երեւանը հեռու էր վանում Արթուրին:

Շատ պարզ մի բան. Ղարաբաղում ունենալ մարդ, որն իրականացնի իրենց նկրտումները: Եթե շարժման մղումները Հայաստանում ու Արցախում նույնական էին, ինչո՞ւ պիտի օրինականորեն ընտրված ղեկավարին չհամարեին յուրային: Գուցե Երեւանն ուներ շարժման զարգացման հեռանկարի վերաբերյալ իր սեփական սցենա՞րը, որն առանց Ղարաբաղի «յուրային» գործընկերոջ դժվար կլիներ իրականացնել: Համենայնդեպս, Արթուրի կարծիքը միշտ չէ, որ համահունչ էր հայաստանյան իշխանությունների կարծիքներին: Դե, դու այս մասին, կարծում եմ, ավելի տեղեկացված ես եղել:

Շարունակելի

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ