Արման Զաքարյանը հեռախոսազանգին վերջին անգամ պատասխանել է 2022 թ․-ի սեպտեմբերի 13-ին, ժամը 01։23-ին, Ջերմուկի դիրքեր բարձրանալու ճանապարհին։
«Երբ մարտական իրավիճակում զանգում ենք ու հեռախոսը ադբոյ են տալիս կամ վերցնում, ասում են՝ հետո, էլ չենք զանգում, արդեն պարզ է՝ վիճակը ծանր է»,- ասում է Արմանի հետ վերջինը հեռախոսով խոսացած ընկերը՝ Դավիթ Հովհաննիսյանը։
Դավիթն ու Արմանը ծանոթացել են Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանում։ 2013 թվականին, երբ Արմանը ընդունվեց ուսումնարան, Դավիթը երկրորդ կուրսի ուսանող էր։
Արման Զաքարյանը և Դավիթ Հովհաննիսյանը Ռյազանի օդադեսանտային ուսունարանում
Ուսումն ավարտելուց հետո՝ 2018թ․-ից, երկուսն էլ ծառայում էին Արցախում՝ Դրմբոնի առանձին դեսանտագրոհային գումարտակում՝ որպես ավագ լեյտենանտներ, դասակի հրամանատարներ։
«Արմանչոյի հետ եղբոր պես էինք, միասին շատ բաների միջով ենք անցել։ Երկուսիս պատմություններն էլ նման էին, երկուսս էլ զինվորականի ընտանիքից էինք, երկուսս էլ տան երկու որդիներից ավագն էինք․ Արմանը կրտսեր եղբորս հարսանիքի քավորը դարձավ։ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում երկուսիս փոքր եղբայրներն էլ մեր պես մարտի դաշտում էին»,- պատմում է Դավիթ Հովհաննիսյանը:
2020թ.-ի 44-օրյա պատերազմի առաջին օրերից Արմանի դասակը մեկ ամսից ավելի պաշտպանել է դիրքերը Հաթերքի ուղղությամբ, իսկ պատերազմի չորրորդ օրը վաշտի հրամանատար նշանակված Դավիթը իր վաշտի հետ մարտական խնդիրներ է կատարել Մարտակերտի շրջանի Թալիշ, Աղդաբան, Մատաղիս ուղղություններում, Մարտունու շրջանի Շեխեր գյուղում։ Նոյեմբերի 4-ին դեսանտագրոհային գումարտակը խնդիր է ստացել երկու դասակ ուղարկել Շուշի-Քարի Տակ խաչմերուկ։ Դասակներից մեկի հրամանատարը ավագ լեյտենանտ Արման Զաքարյանն էր։ Նոյեմբերի 6-ին արդեն շրջափակման մեջ հայտնված Շուշի-Քարին տակ խաչմերուկի մոտի խմբերին օգնության պետք է հասնեին Դավիթ Հովահաննիսյանի գլխավորությամբ դեսանտագրոհային երկու խումբ, սակայն Շուշիի սկզբնամասում՝ գազալցակայանի մոտ, ընկել են կրակահերթի տակ և չեն կարողացել առաջանալ, Դավիթը հոսպիտալացվել է։ Խաչմերուկի մոտ դեսանտագրոհայինները, տալով զոհ, վիրավորներ, հաջորդ օրը՝ նոյեմբերի 7-ին, անտառներով, կածաններով կարողացել են դուրս գալ դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհ։ Երկու օր հետո կնքվել է հրադադարի պայմանագիրը։
Պատերազմից հետո երկու ընկերների ճանապարհները բաժանվել են․ Դավիթը թողել է զինվորական ծառայությունը, իսկ Արմանը մեկնել է վերապատրաստման Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարան։ Վերադառնալով Հայաստան՝ 2021թ․-ից արդեն կապիտան Արման Զաքարյանին նշանակել են Ջերմուկի զորամասի հետախուզական վաշտի հրամանատար։
2022 թ․ սեպտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի զինուժի հարձակման ժամանակ, Արման Զաքարյանը արձակուրդում էր։ Նրան զանգել են, եւ ժամը 00։30-ին հասնելով զորամաս՝ Արմանը տեղեկացել է, որ դիրքերից մեկում՝ 107-րդում, վիճակը ծանր է, պետք է օգնության հասնել։
107-րդ դիրքը գտնվում էր Սառցալի լեռան գագաթից մոտ 550 մ հարավ՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա։
«Վերցնելով անհրաժեշտ զենք-զինամթերքը՝ Արմանի, հետախուզության պետ Հարություն Հակոբյանի հետ «ՈւԱԶ» մեքենայով շարժվել ենք 107-րդ դիրքի ուղղությամբ, դիրքից 500 մ հեռավորությամբ կանգնեցրել ենք մեքենան եւ ոտքով շարունակել ճանապարհը»,- պատմում է հետախուզական վաշտի վարորդ Տիգրան Ազիզյանը։
«Հարություն Հակոբյանը ճանապարհից հետ է դարձել՝ մեքենայում մոռացած զինամթերքի ետևից։ Չհասած մեքենային՝ արդեն դիրքերը ճեղքած ադրբեջանական խմբերը նռնականետով պայթեցրել են մեքենան, պայթյունի ալիքից հետախուզության պետն ընկել է ձորը ուշագնաց վիճակում, հետո ուշքի գալով՝ կարողացել է հասնել զորամաս»,- պատմում է հետախուզական վաշտի ավագ Մինաս Գալստյանը։
Արման Զաքարյանը և Տիգրան Ազիզյանը շարունակել են շարժվել դեպի 107-րդ դիրք: Հասնելով բարձունքում գտնվող դիրքը՝ Արմանը կապի միջոցով զեկուցել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները ճեղքել են դեպի արևելք հարևան դիրքի արանքով և անցել թիկունք: Արման Զաքարյանը գիշերային տեսանելիության սարքով իքնաձիգով սկսել է մարտ վարել։ Նկատելով դիրքից 15 մ հեռավորության վրա ընկած դիրքի ավագ Արմեն Աբրահամյանին՝ վիրավոր վիճակում, Արման Զաքարյանը կրակահերթի տակ մոտեցել է և փորձել քաշելով խրամատ մտցնել վիրավորին, սակայն դիպուկահարի՝ գլխի շրջանում ստացած կրակոցից զոհվել է:
Արման Զաքարյանի և երկու ժամկետային զինծառայողների՝ Տիգրան Տեր-Առաքելյանի եւ Արսեն Վարդանյանի մարմինները 107-րդ դիրքից կարողացել են հանել սեպտեմբերի 15-ին՝ Կարմիր Խաչի միջնորդությամբ։ Արմանի զենքի հետ հայտնաբերվել է 10 փամփշտատուփ` ընդամենը 5 չկրակված փամփուշտով։
«Վերջին անգամ, երբ Արմանչոյին զանգեցի, շնչակտուր դիրքեր էր բարձրանում, վերցրեց, ասեց՝ հետո ու անջատեց։ Մեր ուսումնարանի, դեսանտայինների կարգախոսն էր. «Ոչ ոք` մեզնից բացի» (Никто кроме нас!), որոհետև մարտի ժամանակ ամենավտանգավոր տեղերն ենք գնում։ Արմանն էլ էդ օրը էդ էր անում»,- պատմում է Դավիթ Հովհաննիսյանը։
Կապիտան Արման Զաքարյանը հուղարկավորվել է սեպտեմբերի 17-ին «Եռաբլուրում»։ Հոկտեմբերի 31-ին Արմանը կդառնար 28 տարեկան։
Լուսանկարները՝ Արաման Զաքարյանի ընտանեկան արխիվից։
Գլխավոր նկարի կոլաժում օգտագործվել է Սառցալի Լեռան լուսանկարը՝ վերցված armgeo.am կայքից։
Նյութի աղբյուրը՝ Hetq.am
0Comments