Իրանի կողմից հարձակման սպառնալիքի ֆոնին՝ ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելի անվտանգությանը երկաթյա է. Բայդեն

Մանրամասներ
բայդեն իրան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելին խոստացել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն այդ երկրին երկաթյա է. այս հավաստիացումը հնչել է այն մտավախությունների ֆոնին, որ Թեհրանն առաջիկայում կարող է  հարվածել Իսրայելին:

Ինչպես նշում է BBC-ն, Բայդենը զգուշացրել է, որ Իրանը սպառնում է «խոշոր հարձակում» իրականացնել այն բանից հետո, երբ 10 օր առաջ Իսրայելը հարվածել է Սիրիայում Իրանի հյուպատոսությանը, ավերել շենքը՝ սպանելով յոթ իրանցի ծառայողի։

«Մենք ամեն ինչ անելու ենք Իսրայելի անվտանգությունը պաշտպանելու համար: Ինչպես ասել եմ վարչապետ Նեթանյահուին, մեր հավատարմությունն Իսրայելի անվտանգությանը՝ Իրանի և նրա պրոքսիների կողմից այս սպառնալիքների դեմ երկաթյա է, թույլ տվեք նորից ասել՝ երկաթյա», - ասել է Բայդենը:

Նախօրեին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել է, որ Իսրայելը «պետք է պատժվի և կպատժվի» Սիրիայում Իրանի հյուպատոսության մահաբեր ռմբակոծության համար։

«Երբ նրանք հարձակվեցին մեր հյուպատոսության վրա, դա նման էր մեր հողի վրա հարձակմանը: Սա միջազգային նորմ է։ Չարագործ վարչակարգը սխալ է թույլ տվել և պետք է պատժվի, և այդպես էլ կլինի», - ասել է Խամենեին:

Իսրայելը կարծում է, որ Իրանի հնարավոր հարվածը ուղղված կլինի ռազմական կամ ռազմավարական թիրախներին, այլ ոչ թե քաղաքացիական ենթակառուցվածքներին, նշում է հրատարակությունը։

Իսրայելական կողմը հնարավոր հարձակման է պատրաստվում ինչպես տարածաշրջանում գտնվող իրանական պրոքսիներից որևէ մեկի, այնպես էլ հենց Իրանի կողմից՝ չբացառելով հարձակման հնարավորությունը միանգամից մի քանի ուղղությունից։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ ռազմական գերատեսչությունն ավարտել է նախապատրաստական աշխատանքները՝ արձագանքելու ցանկացած հնարավոր սցենարին, որը «կարող է տեղի ունենալ Իրանի հետ կապված»:

Ապրիլի 1-ին իսրայելցի զինվորականները հարձակվել են Դամասկոսի դիվանագիտական թաղամասի վրա, որտեղ գտնվում է Իրանի հյուպատոսությունը։ Հյուպատոսությունն ամբողջությամբ ավերվել է. հարձակման հետևանքով զոհվել են իրանցի գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջա Ռահիմին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հինգ սպա: Էբրահիմ Ռաիսին ասել է, որ հարվածի հեղինակներն ու հովանավորները «կպատժվեն մոջահեդների ձեռքով»։