Ուսումնասիրություն է իրականացվում, թե ռուսական կոնտինգենտը ինչ մանդատ ունի և որտեղ․ ՔՊ պատգամավոր

Մանրամասներ
քպ

Հիմա ուսումնասիրություն է իրականացվում, որպեսզի այդ իրավական խնդրին պատասխան տրվի՝ ով ինչ մանդատ ունի և որտեղ:

Ասել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության վերաբերյալ՝ լրագրողների հարցին։

Հիշեցնենք, որ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի, սա նշանակում է, որ ռուս սահմանապահներն այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել, ինչպե՞ս է ստացվում, որ 3 տարի շարունակ ռուսական կողմն առանց իրավական հիմքի հայտնվել է այնտեղ.

«2020 թվին եղել է 44-օրյա պատերազմ, դրանից հետո խաղաղապահ զորքեր են մտցվել Արցախի տարածք, դրանից հետո որոշակի ռուսական կոնտինգենտ շարժեր է ունեցել Սյունիքի մարզում, որպեսզի անվտանգության հարցեր լուծեն: Իրավիճակով պայմանավորված այդպես է եղել: Բայց հիմա ուսումնասիրություն է իրականացվում, որպեսզի այդ իրավական խնդրին պատասխան տրվի՝ ով ինչ մանդատ ունի և որտեղ: 2021 թվին, իրավիճակով պայմանավորված, իրենք տեղակայվել են այնտեղ՝ զուտ անվտանգային խնդիրներ լուծելու համար, դա այն ժամանակ պետք է եղել»:

Ըստ Խաչատրյանի ռուս սահմանապահները տեղակայվել են նաև Գորիսում, նրանք տեղակայվել են՝ Արցախում գտնվող ռուս խաղաղապահների անվտանգությունը պաշտպանելու համար:

Լրագրողները մի քանի անգամ ճշտող հարցադրումներ ուղղեցին՝  ի՞նչ գործառույթ են նրանք փաստացի իրականացրել ՀՀ տարածքում.

«Հարգելի ժողովուրդ, երևի մոռացել եք 2021 թվին Հայաստանի առջև ծառացած խնդիրները, Սյունիքի մարզում, Արցախի հետ սահմանին: Այդ ժամանակ տեղակայումների փոփոխություններ են իրականացվել՝ զուտ անվտանգային նկատառումներով: Բայց թե իրենց առջև դրված խնդիրները կատարել են, թե չեն կատարել՝ սա արդեն ուրիշ հարց է»,- եզրափակեց Խաչատրյանը: