«Տինդեռ» հավելվածում ակտիվորեն տարածվում է խարդախությամբ գումար հափշտակելու նոր եղանակ. ՔԿ

Մանրամասներ
աղջիկ բանկոմատ

Սոցիալական ցանցերում, հատկապես՝ օնլայն ծանոթությունների համար նախատեսված «Տինդեռ» հավելվածում, ակտիվորեն տարածվում է խարդախությամբ գումար հափշտակելու նոր եղանակ, որին զոհ են դառնում հիմնականում ազգությամբ ռուս ներկայացող կանանց ու աղջիկների հետ նամակագրությամբ կապ հաստատած ՀՀ քաղաքացի տարբեր տարիքի տղամարդիկ։ Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն:

«Վերջիններիս, միասին թատրոն գնալու պատրվակով առաջարակվում է գնել իրենց նախընտրած ներկայացման տոմսերը։ Այդ նպատակով, ռուս ներկայացած իգական սեռի ներկայացուցիչների կողմից ուղարկվում են ՀՀ-ում գործող թատրոնների կայքէջերի կեղծ հղումներ, որոնցով մուտք գործելով, քաղաքացիները տոմս գնելու նպատակով լրացնում են իրենց բանկային քարտի տվյալներն ու կատարում վճարում։ Արդյունքում՝ քարտապանից հափշտակվում է ոչ միայն որպես տոմսի արժեք նշված, այլև որոշ դեպքերում՝ նրա հաշվին եղած ամբողջ գումարը։

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում այժմ քննվում է համակարգչային տեխնիկայի կիրառմամբ, խաբեությամբ գումար հափշտակելու հատկանիշներով նախաձեռնված 100-ից ավելի քրեական վարույթ։

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է տոմսեր ձեռք բերել բացառապես թատրոնների պաշտոնական էջերից, օգտվել ոչ թե երրորդ անձի կողմից ուղարկված, այլ վստահելի վճարային ծառայություններից»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։