Շիրակի մարզի ողբերգական ավտովթարից մահացել են ամուսիններ. նրանք խնամիների հետ էին մեկնել Արեւմտյան Հայաստան. գյուղապետ

Մանրամասներ

Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացել են ամուսիններ, որոնք Կոտայքի մարզի Քասախ համայնքից էին: NEWS.am-ին համայնքապետ Արտակ Թովմասյանն ասաց, որ նրանք մեկնել էին Արեւմտյան Հայաստան՝ իրենց խնամիների հետ:

«Շատ հարգված մարդիկ էին: Երեկ իմացանք, որ մահացած տղամարդը 1967 թվականի ծնված մեր Քասախի բնակիչ  Արայիկ Մուրաֆյանն է՝ իր տիկինոջ՝ 1972 թվականի ծնված Ալվարդ Մուրաֆյանի հետ։ Մեծ տղա ունեին, ամուսնացած էր, ու իրենց խնամիների հետ գնացել էին Արեւմտյան Հայաստան»,-ասաց Թովմասյանը

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։