Ինչու Բրյուսելից առաջ Արցախում կազմակերպվեց Փաշինյան-Ալիև զույգի հանրահավաքը. 2 պատճառ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանրամասներ

Բրյուսելյան եռակողմ հանդիպումից առաջ Արցախի իշխանությունների կազմակերպած հանրահավաքը, ըստ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, Փաշինյան-Ալիեւ զույգի նախաձեռնությունն էր։

Նրա խոսքով՝ օգտագործելով հարյուր հազարավոր արցախցիների օբյեկտիվ, անաչառ, ազնիվ ցասումը՝ նրանք սա կազմակերպել էին երկու պատճառով։ 

«Առաջին վարկածով՝ Բրյուսելյան հանդիպումից առաջ պետք էր ցույց տալ, որ Արցախը որոշակի սուբյեկտայնություն պիտի ունենա, չեն կարող առհասարակ անտեսել։

Սա արվում էր նաեւ այն բանի համար, որ «խաղաղության ֆեյք պայմանագրում» որոշակի անորոշ ձեւակերպում կորզվի Արցախի մասով, ինչը Փաշինյանը կարողանա Հայաստանում իր «էլեկտորատին ուտեցնել», որպես հայանպաստ ձեւակերպում։

Հաջորդ պատճառը, որը նշում են որոշ փորձագետներ՝ աղետալի է եւ շատ վտանգավոր։

Երեկվա հանրահավաքի վերաբերյալ  ասում են, որ այն հարված էր, որպեսզի Ադրբեջանի ձեռքերը վերջնականապես ազատվեն, որ կարողանա իրականացնել մշակված հակաահաբեկչական օպերացիան Արցախում՝ դրանով իսկ ամբողջապես փակելով Արցախի թեման»,MediaHub-ի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։

Նա նշեց, որ, այդուհանդերձ, շատ կարեւոր էր այդ հանրահավաքն այն իմաստով, որ աշխարհը տեսավ՝ Արցախը չի հանձնվելու։

«Բայց ես վստահ եմ, որ առանց Փաշինյանի «դաբրոյի» Արցախի իշխանությունները նման նախաձեռնությամբ հանդես չէին գա»,-ասաց նա։

Զոհրաբյանն այս համոզմանն է՝ հաշվի առնելով հանրահավաքին Արցախի իշխանությունների ընտրած թիրախները։

«Թիրախներից մեկը ռուս խաղաղապահ կոնտինգենտն էր։

Իհարկե, մենք օբյեկտիվ բազմաթիվ հարցեր ունենք ռուս խաղաղապահներին,  որոնք, ըստ իս,  իրենց պարտականություններն ամբողջությամբ չեն իրացնում։ Բայց, երբ քո երկրի վարչապետն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս՝ ռուս պաշտոնյաները ցանկացած հարցի դեպքում մեջբերում են այդ իրողությունը, նշելով՝ առավելագույնը, որ կարող են անել՝ Արցախը ցեղասպանվելուց փրկելն է։

Նույնը ասում են եվրոպացի իմ գործընկերները, երբ հարցնում եմ, թե ինչու են շեղվել Արցախի կարգավիճակի վերաբերյալ հայտարարություններից, նրանք ևս տալիս են նույն պատասխանը՝ Արցախի կարգավիճակի հարցը Նիկոլ Փաշինյանը փակել է»,-ընդգծեց նա։ Զոհրաբյանը շեշտեց՝ ամբողջ հանրահավաքի որեւէ ելույթում, երբ Արցախի ներկայացուցիչները դիմում էին Հայաստանին, իշխանավորներից որեւէ մեկը չհնչեցրեց Փաշինյանի անունը։

«Որեւէ մեկը դուխ չարեց հնչեցնել թիվ մեկ պատասխանատուի՝ Փաշինյանի անունը։ Սրանից ես կարող եմ ենթադրել, որ հանրահավաքը կազմակերպված եւ համաձայնեցված էր Փաշինյանի հետ»,-հավելեց նա։