ԱՄՆ-ի ազդեցությունը Թուրքիայի վրա կավելանա, Թուրքիան ավելի կանխատեսելի կդառնա  ԱՄՆ-ի համար

Մանրամասներ

 

Տրամաբանությունը հուշում է, որ երկրաշարժից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականությունը որոշ չափով կկորցնի իր ծավալապաշտական ագրեսիվ բնույթը: NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք հայտնեց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով, Թուրքիան ստիպված կլինի կենտրոնանալ իր ներքին խնդիրների վրա. «Թուրքիան իր էությամբ միջին պետություն է, բայց արտաքին քաղաքականության մեջ՝ հենվելով Էրդողանի ամբիցիաների վրա, Թուրքիան իրականացնում էր այնպիսի քաղաքականություն, որը ես գնահատում եմ որպես իր գլխից վեր թռնելու փորձ: Դա մսխում է երկրի ռեսուրսները: Թուրքիայի ռեսուրսները մսխվում էին դրսում տարբեր տեսակի արկածախնդրություններ, ավանտյուրաներ, ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար:

Թուրքիան հիմա որոշ չափով կհրաժարվի այդ քաղաքականությունից: Երկրորդ, ես ունեմ ենթադրություն, որ Թուրքիան չի կարող իր ներքին ռեսուրսների հաշվին վերականգնողական աշխատանքներ իրականացնել աղետի ենթարկված շրջաններում, ստիպված կլինի ամեն կերպ ձգտել, որ դրսից կապիտալ ներդրումներ գան: Հիմնականում ներդրումները կլինեն ԱՄՆ-ից, իսկ դա կնշանակի, որ ԱՄՆ-ի ազդեցությունը Թուրքիայի վրա կավելանա, Թուրքիան ավելի կանխատեսելի կդառնա  ԱՄՆ-ի համար»,-ասաց Սաֆրաստյանը:

Նրա ներկայացմամբ, ամերիկյան քաղաքական վերնախավը դժգոհ լինելով Էրդողանից  հետեւյալ դիրքորոշումն ունի. մարդասիրական խնդիրներում կօգնեն Թուրքիային, բայց քաղաքական առումով Էրդողանը պետք է վճարի իր վարած  քաղաքականության գինը՝ Ռուսաստանի հետ սիրախաղ եւ այլն: «Ես կարծում եմ՝ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը դառնա ավելի զուսպ եւ ավելի կառավարելի ԱՄՆ-ի կողմից՝ պահպանելով իր սկզբունքային նպատակները»,-իր խոսքն ամփոփեց թուրքագետը: