Մայիսի 12-17-ը «Արարատ» թենիսի ակումբում մեկնարկել է Tennis Europe-ի մինչև 12 տարեկանների` Ռոզա Պրուդնիկովայի անվան միջազգային հուշամրցաշարը։
Մրցաշարին մասնակցելու հայտ են ներյացրել 23 տղաներ և 23 աղջիկներ՝ Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Հունաստանից, Ղազախստանից, Իսրայելից, Թունիսից, Սերբիայից, ԱՄՆ-ից և իհարկե Հայաստանից:
Մրցաշարն ավանդական է. ամեն տարի անց է կացվել Երևանի «Ինկորտ» և Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի կորտերում:
Մրցաշարը անվանակոչված է հայկական թենիսի դպրոցի կայացման մեջ նշանակալի ավանդ ունեցած երջանկահիշատակ Ռոզա Պրուդնիկովայի անվամբ:
Հիշեցնենք, որ Երևանի «Արարատ» թենիսի մարզական ակումբում օրերս կայացել է ամենամյա «Արարատ Յունիորս» մրցաշարը, որն անց էր կացվում 8, 10, 12, 14 և 16 տարեկան մարզիկների միջև:
Իսկ Մայիսի 3-ին Հայաստանի թենիսի ֆեդերացիայի հովանու ներքո տեղի ունեցավ մրցաշարի մեդալների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Այս տարին տարբերվում էր մարդաշատությամբ և մարզիկների քանակով. միայն 10-16 տարեկան մարզիկների մրցաշարերին մասնակցեցին ավելի քան 105 տղաներ և աղջիկներ՝ պայքարելով Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի վարկանիշային միավորների համար: