Լոնդոնի Քինգս քոլեջի միջազգային անվտանգության փորձագետ Ռոբ Գայստ Փինֆոլդը նշել է, որ Սիրիայի կառավարությունն առճակատման հարցում գրեթե ոչինչ չի կարող անել Իսրայելի դեմ։
Նրա խոսքով՝ Դամասկոսը կարող է միայն ապավինել իր միջազգային գործընկերներին՝ մասնավորապես Ծոցի երկրներին, ԱՄՆ-ին և Թուրքիային՝ հույս ունենալով, որ նրանք ճնշում կգործադրեն Իսրայելի վրա։
«Միակ բանը, որ Սիրիան իրականում կարող է անել, դատապարտելն է։ Վերջին շրջանում Դամասկոսը ավելի հաճախ է և ավելի բաց տոնով դատապարտում Իսրայելի հարվածները՝ բարձրաձայնելով ինքնապաշտպանության իրավունքի մասին, թեև իրականում գործնականում հակազդելու կարողություն չունի», — նշել է Փինֆոլդը։
Նա նաև նկատել է, որ սա տարբերվում է նախկին դեպքերից, երբ Իսրայելի հարվածներին Սիրիայի արձագանքը միտումնավոր թույլ էր՝ թողնելով դիվանագիտական հնարավորության բաց դուռ։ Այժմ նման համաձայնության հեռանկարը քիչ հավանական է։