Հայաստանից կրկին չվերթներ են հետաձգվել։
«Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ այսօր չեղյալ են հայտարարվել Երեւան–Դուբայ եւ Երեւան–Աբու Դաբի չվերթները։ Դեպի Ռուսաստան չվերթներն էլ ուշացումով են մեկնելու։
Նշենք, որ ավելի վաղ, տուրիստական գործակալությունները հայտնել են, որ այդ չվերթները կկայանան։
Իրանն Իսրայելին հակահարված է տվել հին սերնդի հրթիռներով։
Այս մասին ասել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Ալի Սաիդին։
Նա ընդգծել է, որ նորագույն հրթիռներն ու տեխնոլոգիաները դեռևս չեն օգտագործվել։
Սաիդիի հայտարարությունը հրապարակվել է ԻՀՊԿ-ի պաշտոնական կայքում։
Հունիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:50-ի սահմաններում Hyundai մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 11 շենքի հարևանությամբ բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Hyundai-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդնաոց։ Սակայն դեպքի վայր ժամանած պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն այնտեղից հեռացել են։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց պարեկներին է մոտեցել Երևանի 26-ամյա բնակչուհի Լիլիթ Ա.-ն, որը հայտնել է՝ ավտոմեքենան ինքն է վարել։ Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն է, որ չպետք է վստահել հակառակորդներին։
«Դա անհնար է, ես համաձայն եմ ձեզ հետ», - ասել է պետության ղեկավարը Կրեմլում պետական մրցանակի դափնեկիրների հետ զրույցի ժամանակ՝ պատասխանելով միջուկային ֆիզիկոս Յուրի Դիկովի այն դիտարկմանը, որը կոչ էր արել ՌԴ նախագահին «չվստահել թշնամիներին՝ նրանք կխաբեն ձեզ»։
Հունիսի 12-ին արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի տեսանյութն իր Telegram ալիքում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը։
«Գիտեք, մենք բոլորս միամիտ մարդիկ ենք, սա ռուսական ավանդույթի մի տարր է՝ միշտ վստահել բոլորին», - հավելել է Ռուսաստանի նախագահը:
Ռուսաստանը, Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, Ուկրաինային է հանձնել 1200 զինծառայողի մարմին. Ուկրաինան չի հանձնել ոչ մի մարմին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսական բանակցային խմբի աղբյուրը։
«Ռուսաստանը շարունակում է կատարել Ստամբուլի պայմանավորվածությունները։ Այսօր Ուկրաինային հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինվորների ևս 1,200 մարմին: Ուկրաինան ոչ մի դի չի հանձնել», - ասել է աղբյուրը։
ԱՄՆ-ի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության պատասխանատվության գոտում գտնվող բոլոր օբյեկտները որպես նախազգուշական միջոց բարձրացրել են իրենց ուժերի պաշտպանության (FPCON) մակարդակը «Ալֆայից» մինչև «Բրավո»։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության հայտարարության մեջ։
«Այս ճշգրտումը մեր անձնակազմի, ընտանիքների և առաքելության հնարավորությունների անվտանգության ապահովմանը մեր մշտական հանձնառության մի մասն է։ Թեև ներկայումս տարածաշրջանի համար որևէ կոնկրետ սպառնալիք չկա, այս փոփոխությունն արտացոլում է զգոնության ընդհանուր բարձրացումը՝ համաձայն Պաշտպանության նախարարության անվտանգության արձանագրությունների»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտարարել են հրամանատարությունում, անձնակազմը և ռազմաբազաների այցելուները կարող են նկատել «պատահական հակաահաբեկչական միջոցառումների» ուժեղացում, և նրանց խորհուրդ է տրվում զգոն լինել և հայտնել ցանկացած կասկածելի գործունեության մասին։
«Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կտրամադրենք թարմացված տեղեկատվություն։ Այս պահին կշարունակվեն սովորական գործողությունները՝ մուտքի ընթացակարգերում և ռազմաբազայի գործունեության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելով, ինչպես պահանջում են FPCON «Բրավո»-ի ուղեցույցները»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ միջոցառումները կիրառվում են երկու օր առաջ Իսրայելի և Իրանի միջև սկսված հակամարտության ֆոնին։
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ բանակցությունների ընթացքում Իրանին մեղադրել է քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ հարվածելու մեջ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունը։
Սաարը նաև հայտարարել է, որ Իրանի գործողությունները «խախտում են միջազգային իրավունքի նորմերը»։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեցԻրանը հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։
Իրանն ունի ապացույցներ, որ ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքում տեղակայված ուժերն աջակցել են Իսրայելին Իսլամական Հանրապետության տարածքում հարվածներ հասցնելու հարցում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ։
«Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիան չէր կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների համաձայնության և աջակցության։ Մենք ունենք համոզիչ ապացույցներ, որ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերն օգնություն են ցուցաբերել Իսրայելին այդ հարձակումները իրականացնելու գործում», – նրա խոսքերն է մեջբերել «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները որևէ կապ չի ունեցել հունիսի 15-ի գիշերը Իրանին հասցված հարվածների հետ, բայց կպատասխանի Թեհրանին Միացյալ Նահանգների վրա հարձակման դեպքում։
«Եթե Իրանն ինչ-որ կերպ մեզ վրա հարձակվի, ԱՄՆ զինված ուժերի ամբողջ ուժն ու հզորությունը վրա կհասնեն ձեզ աննախադեպ մակարդակներով։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք հեշտությամբ գործարք կնքել Իրանի և Իսրայելի միջև և վերջ դնել այս արյունալի հակամարտությանը», – ասել է Թրամփը Truth Social-ում։
Նա կարծում է, որ ԱՄՆ-ն կկարողանա «հեշտությամբ» համաձայնության հասնել Իրանի և Իսրայելի միջև։ Սակայն Դոնալդ Թրամփը չի նշել հակամարտության ավարտի հնարավոր ժամկետները։
Իսրայելն այսօր գիշեր Իրանի վրա զանգվածային հարձակում սկսեց՝ վնասելով երկու նավթի պահեստարաններ։ Վառելիքի բաքերի վրա հարձակումը հրդեհեց Թեհրանը։ Իրանը պատասխանեց՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի երեք ալիք արձակելով։
Հրթիռակոծության հետևանքով զոհվել է ութ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։ Փոխադարձ հարձակումները շարունակվել են:
Քաղաքագետ Գարիկ Քեռյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Իրան-Իսրայել հակամարտությանը և այդ համատեքստում մեր տարածաշրջանի իրավիճակին։
Նա մասնավորապես գրել է. «Իրան-Իսրայել պատերազմի սկիզբը իր հետ բերեց նոր ռազմա-քաղաքական իրողություններ, այն ինչ արդեն ակնհայտ երևում է.
- պայմանականորեն «երրորդ համաշխարհային պատերազը» մտավ նոր՝ երրորդ փուլ, ուկրաինական պատերազմը և պատերազմը Գազայի հատվածում առաջին և երկրորդ էտապներն են
- վարկաբեկվեց Իսրայելի անխոցելիության առասպելը
- պարզվեց, որ F-35 նույնպես խոցելի է
- Իրանը, որ իներտ դիրքորոշում էր որդեգրել արցախյան երկրորդ պատերազմում, առերեսվեց իր թույլ տված ռազմավարական անհեռատես սխալին, պարզվեց, որ նրա հյուսիսային սահմանը անվտանգ չէ
- արդեն երևում են բախվող բևեռները՝ ԱՄՆ/Իսրայել/Մեծ Բրիտանիա/Ֆրանսիա և նրանց դաշնակիցներ, Իրան/ՌԴ/Հյուսիսային Կորեա/Չինաստան և նրանց աջակիցներ
- Ուկրաինայի դիրքերի թուլացում, արևմտյան օգնությունների ծանրության կենտրոնը տեղափոխվում է Իսրայել
- անկախ Հորմուզի նեղուցի փակվելու հանգամանքից նավթի համաշխարհային շուկայում մեծանում է ռուսական նավթի նշանակությունը
- իրանական նորագույն զինատեսակների, հատկապես հրթիռների թեսթավորում և որակական փորձարկման և ստուգման իրականացում
- Չինաստանի դիրքավորման և գործողությունների ծավալման ուղղությունները, ծավալներն ու տեսակները մնում են դեռևս լրիվ չբացահայտված
- Թուրքիան ինչպես, որ երկրորդ աշխարհամարտում էր, այս անգամ ևս ամենայն հավանականությամբ դուրս կգա անկորուստ, որովհետև ցուցադրում է ճկուն դիվանագիտություն
- պատերազմի սրման պայմաններում իրանական կողմի ուշադրությունը բևեռվում է Բաքու-Ջեյհան նավթատարի վրա, որն Իսրայելին սնող կարևոր ուղի է
- Իրանը հաջող ելքի դեպքում ներքին խնդիրների մեջ առաջնային է դիտելու ադրբեջանական գործոնի չեզոքացումը
- Թուրքիան ուժեղացնում է իր տարածաշրջանային դերակատարումը և դրա շնորհիվ Ադրբեջանը ամրապնդելու է իր անվտանգությունը
- ռազմարվեստի մեջ մուտք է գործում նոր գործիք՝ նախքան պատերազմը հակառակորդի տարածքում անօդաչուների գաղտնի բազաների ստեղծում, առաջին փորձը Ռուսաստանում էր, երկրորդը Իրանում:
Այսօրվա իմ դիտարկումները, եթե իհարկե չեմ սխալվում:
Հունիսի 15-ին Հայաստանը նշում է Պետական դրոշի օրը։ Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։
Շնորհավորում ենք Հայաստանի դրոշի օրվա առթիվ։